Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ անուղղակի բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Իրանի միջև։
Նրա խոսքով՝ զանգվածային լրատվամիջոցներում «ավելորդ շահարկումներ են հայտնվել» Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության դադարեցմանն ուղղված խաղաղ բանակցությունների վերաբերյալ։
«Իրականում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններն իրականացվում են Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով։ Այս համատեքստում Միացյալ Նահանգները փոխանցել է 15 կետ, որոնք քննարկվում են Իրանի կողմից։ Եղբայրական Թուրքիան և Եգիպտոսը, ի թիվս այլոց, նույնպես աջակցում են այս նախաձեռնությանը։ Պակիստանը նախկինի պես լիովին հավատարիմ է խաղաղության ամրապնդման գործին և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում և դրանից դուրս կայունություն ապահովելու համար։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը առաջ շարժվելու միակ ուղին են»,- գրել է նա X սոցիալական ցանցում։





























