Եմենի հուսիթները Reuters-ին հայտարարել են, որ պատրաստ են միանալ Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ ռազմական գործողություններին, եթե իրենց աշխարհազորի ռազմական կարողությունների կարիքը լինի, ասված է հաղորդագրության մեջ։

«Մենք ռազմական առումով լիովին պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին,- Reuters-ին ասել է հուսիթների առաջնորդը, որը խնդրել է անանուն մնալ հարցի զգայունության պատճառով։ -Ինչ վերաբերում է զրոյական ժամի որոշմանն առնչվող այլ մանրամասներին, դրանք թողնված են ղեկավարության հայեցողությանը, իսկ մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և կիմանանք, թե երբ է գալու գործելու ճիշտ ժամանակը»,- հավելել է նա։

«Առ այսօր Իրանը լավ է գործում, ամեն օր հաղթելով թշնամուն, և ճակատամարտն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Եթե ինչ-որ բան հակառակը տեղի ունենա, մենք կկարողանանք գնահատել դա»,- նշել է հուսիթների ներկայացուցիչը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, եթե հուսիթները հակամարտության նոր ճակատ բացեն, ակնհայտ թիրախներից մեկը կլինի Եմենի ափերի մոտ գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը կարևորագույն նավագնացության հանգույց է և խոչընդոտող կետ, որը վերահսկում է Սուեզի ջրանցքի ծովային երթևեկությունը, այն բանից հետո, երբ Իրանը փաստացի փակեց կարևորագույն Հորմուզի նեղուցը։