Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Իրանը բանակցությունները վերսկսելու պատրաստամություն են դրսևորում, և միջազգային հանրությունը պետք է խրախուսի երկու կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ ուղիներ գտնելու համար։ Դրա մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Չինաստանը և Կանադան կարող են համատեղ կառուցողական դեր խաղալ այդ հարցում, Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Վան Ին։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել կանադական կողմի նախաձեռնությամբ։
Անանդը Վան Իին է ներկայացրել Կանադայի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ իր երկիրը ձգտում է պաշտպանել հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը, նպաստել լարվածության թուլացմանը, կանխել հակամարտության տարածումը և նվազեցնել դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների վրա։
Ըստ Կանադայի արտգործնախարարի՝ Իրանի միջուկային խնդիրը վերաբերում է միջազգային չտարածման ռեժիմին, և Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովումը բխում է բոլոր կողմերի ընդհանուր շահերից։
Կանադան պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու և վերջ դնելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար, հավելել է Անանդը։
Իր հերթին, Վան Ին ուրվագծել է Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Իրանի միջուկային խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով և չի կարող օգտագործվել որպես ուժի կիրառման արդարացում։
Ռազմական ուժի չարաշահումը կհանգեցնի միայն լուրջ բացասական հետևանքների, իսկ հակամարտության գոտու ընդլայնումը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ընդգծել է Չինաստանի արտգործնախարարը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Չինաստան-Կանադա հարաբերությունների վերաբերյալ և միաձայն համաձայնել, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի Չինաստան կատարած այցի արդյունքները պետք է ակտիվորեն և գործնականորեն իրականացվեն, բոլոր մակարդակներում երկխոսությունը պետք է վերսկսվի, և փոխշահավետ համագործակցությունը պետք է ընդլայնվի՝ Չինաստանի և Կանադայի միջև նոր տիպի ռազմավարական գործընկերության կայուն և առողջ զարգացումը խթանելու համար։





























