Ամերիկյան և իսրայելական զինված ուժերը ռումբեր են նետել Իրանի ողջ տարածքում գտնվող թիրախների վրա, սակայն Իրանի հարավում գտնվող գյուղերից մեկի բնակիչներն իրենց տների բակերում և այգիներում բոլորովին այլ բան են հայտնաբերել։ Ինչպես երևում է NBC News-ի կողմից հաստատված տեսանյութում, դրանք ամերիկյան հակատանկային ականներ են:

Զինամթերքի գծով մի քանի փորձագետների կողմից որպես ամերիկյան BLU-91/B նույնականացված ցամաքային ականները հայտնաբերվել են Շիրազի մոտակայքում գտնվող Ջամալ Աբադ գյուղում՝ այն հրթիռային բազայի հարևանությամբ, որը թիրախավորվել էր Իրանում պատերազմի սկզբնական փուլում:

Armament Research Services հետախուզական ընկերության տնօրեն Ջենզեն-Ջոնսը Bellingcat-ին, որն առաջինն էր հայտնել հայտնաբերման մասին, պատմել է, որ ականները, ըստ ամենայնի, նետվել են օդից։

Մարտի 26-ին հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են գյուղացիների և լրագրողների բազմությունը անձրևից թրջված նրբանցքներով քայլում դեպի մի քանի բակեր։ Մեկ ական է հայտնաբերվել վոլեյբոլի հրապարակի հարևանությամբ գտնվող պատի մոտ։ Մեկ այլ ական գտել են տան հետևի այգում, այն եղել է շրջված վիճակում և կիսով չափ հողի մեջ թաղված։

1997 թվականի Ականների արգելման պայմանագիրը չի արգելում հակատանկային ականների կիրառումը ռազմական գործողություններում։ Թեև ԱՄՆ-ն երբևէ չի ստորագրել այդ պայմանագիրը, Ջո Բայդենի վարչակազմը 2022 թվականին պարտավորվել է չկիրառել հակահետևակային ականներ։ Ցամաքային ականների և կասետային զինամթերքի գծով մասնագետը NBC News-ին հայտնել է, որ տեսանյութում հակահետևակային ականներ չեն նկատվել։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ոչ մի պարագայում չտեղադրել հակահետևակային ականներ և ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- հայտարարել են կազմակերպությունում։

Ջամալ Աբադը գտնվում է Զագրոսի լեռնաշղթայի ստորոտին, որտեղ ավելի վաղ՝ մարտին, հարված էր հասցվել հրթիռային օբյեկտին. այդ մասին են վկայում Planet Labs PBC-ից ստացված արբանյակային լուսանկարները:

Փորձագետ Սեմ Լեյրը՝ Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների հետազոտության կենտրոնի գիտաշխատողը, նշել է, որ պատերազմի սկզբում տեղի ունեցած այդ հարձակման հետևանքով մի քանի հրթիռային կայանքներ են ոչնչացվել։