ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ի վերակազմավորման հնարավորությունը, որի նպատակն է պատժել այն անդամներին, որոնք չեն կատարում ֆինանսավորման վերաբերյալ իր պահանջները։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։
ԱՄՆ նախագահը քննարկում է «վճարի՛ր խաղի համար» (pay-to-play) մոդելը, որը կարող է խոչընդոտել դաշնակիցներին որոշումների կայացման հարցում, այդ թվում՝ դաշինքի պատերազմի մեջ մտնելու դեպքում։
Սա այն մի քանի գաղափարներից մեկն է, որոնք Թրամփը դիտարկում է այն բանից հետո, երբ դաշնակիցները մերժեցին Հորմուզի նեղուցը բացելու համար ռազմական նավեր ուղարկելու նրա պահանջը։ ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրները պարբերականին հայտնել են, որ նա քննարկում է նաև Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը. մի քայլ, որի շուրջ նա խորհրդածում է անցյալ տարի պաշտոնին վերադառնալուց ի վեր։
«Եվրոպացիներից մեր դժգոհությունը չափազանց իրական էր,- նշել է վարչակազմի աղբյուրը։- Ցանկացած երկրի, որը չի վճարում 5% անդամավճարը, չպետք է քվեարկի ՆԱՏՕ-ի ապագա ծախսերի հարցում»։
Ներկայումս ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունները պաշտպանության վրա ծախսում են իրենց ՀՆԱ-ի առնվազն 2%-ը. սա Թրամփի սահմանած նպատակակետն էր։ Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ այս տարվա վերջին Անկարայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ առաջնորդները ստիպված կլինեն մշակել հաջորդ՝ 5% թիրախին հասնելու ծրագրերը։
Դոնալդ Թրամփի կողմից դիտարկվող առաջարկների համաձայն՝ ՆԱՏՕ-ի այն դաշնակիցները, որոնք չեն համապատասխանի նոր սահմանաչափին, կարող են զրկվել «Դաշինքի ընդլայնման, համատեղ առաքելությունների և փոխադարձ պաշտպանության մասին 5-րդ հոդվածի կիրառման» վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից։
«Ձեզ թույլ չի տրվի քվեարկել ապագա ֆինանսավորման հարցով, եթե չվճարեք։ Մենք պետք է քննարկում սկսենք այն մասին, թե որն է սպառնալիքը և ինչով է զբաղվում Հյուսիսատլանտյան դաշինքը։ Մենք պետք է հասկացնենք, որ այն, ինչ արել են Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, անընդունելի է»,- հավելել է աղբյուրը։



























