Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են և մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների ու ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքների վերաբերյալ, հայտնում է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի և տարածաշրջանի որոշ երկրների ջանքերին՝ ուղղված շարունակվող «պարտադրված պատերազմի» դադարեցմանը, ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները անվանել է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակի և անվտանգության բացակայության հիմնական պատճառ։
«Հիմնական խնդիրը ամերիկյան կողմի հակասական վարքագիծն ու անհիմն պահանջներն են։ Ամերիկյան կողմի անհետևողական գործողություններն ու հայտարարությունները մեծ կասկածներ են հարուցում և ուժեղացնում են սկեպտիցիզմը նրանց կողմից տարածվող ստի նկատմամբ»,- ասել է Արաղչին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, հղում անելով պատերազմի դադարեցման հարցում իր երկրի մոտեցմանը և պատրաստակամություն հայտնելով կառուցողական դեր խաղալ ներկայիս ճգնաժամի կարգավորման գործում, հայտարարել է, որ «Մյուս կողմի նկատմամբ Իրանի կասկածամտությունը հասկանալի է, քանի որ Իրանը երկու անգամ հարձակումների և ռազմական ագրեսիայի է ենթարկվել հենց բանակցությունների թեժ պահին»։ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել երկկողմ խորհրդակցությունները և պահպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համակարգումը։





























