Ուկրաինայի ԱԳՆ-ում սուտ են անվանել ԱՄԷ-ում հակադրոնային համակարգերով պահեստին հարվածելու մասին Իրանի հայտնած լուրը, տեղեկացրել է «РБК-Украины»-ն։

«Դա սուտ է, պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը։ Իրանական ռեժիմը հաճախ նման ապատեղեկատվական գործողություններ է իրականացնում, եւ դրանով ոչնչով չի տարբերվում ռուսաստանցիներից»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել էր ԱՄԷ-ում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի պահեստին հարվածելու հետեւանքով 21 ուկրաինացի քաղաքացիների հնարավոր մահվան մասին։

«Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության համաձայն՝ Դուբայում ամերիկացի հրամանատարների եւ զինվորների ապաստարաններին հարվածից բացի, որը մեծ կորուստներ է պատճառել, գրոհի է ենթարկվել նաեւ Ուկրաինային պատկանող անօդաչուների դեմ պայքարի համակարգերի պահեստը։

Տեղեկացվել է, որ պահեստը գտնվում էր Դուբայում եւ օգտագործվում էր ԱՄՆ զինվորականներին օգնելու համար։ Հարվածի պահին օբյեկտում գտնվել է  Ուկրաինայի 21 քաղաքացի։ Պահեստը խոցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ ՌԾՈւ օդատիեզերական ուժերի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողության ընթացքում եւ ամբողջությամբ ոչնչացվել է։

Օբյեկտում գտնվող ուկրաինացի քաղաքացիների ճակատագրի մասին տեղեկություններ չկան, բայց ենթադրվում է, որ նրանք կարող են մահացած լինել։