Սաուդյան Արաբիայի կարեւորագույն՝ Արեւելք-Արեւմուտք խողովակաշարը, որը շրջանցում է Հորմուզի նեղուցը, նավթ է մղում լրիվ հզորությամբ՝ օրական 7 մլն բարել, գրել է Bloomberg գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Սաուդյան Արաբիան գործողության մեջ է մտցրել գործողությունների պլանը չնախատեսված հանգամանքների դեպքում, որպեսզի ավելացնի դեպի Կարմիր ծով խողովակաշարով արտահանումը, քանի որ նեղուցի փաստացի փակումը Մերձավոր Արեւելքում հակամարտության պատճառով փակել է Պարսից ծոցից նավթ արտադրողների ելքի հիմնական երթուղին։

Լցանավերի նավատորմներն ուղղվում են Յանբու նավահանգիստ նավթ հավաքելու համար՝ ապահովելով մատակարարման կարեւոր աղբյուր ողջ աշխարհում։ Հում նավթի արտահանումը Յանբուի միջոցով ներկայում հասել է օրական 5 մլն բարելի, եւ թագավորությունը օրական արտահանում է նաեւ 700-900 հազար բարել նավթամթերք, ասել է Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերությանը ծանոթ աղբյուրը։

7 միլիոն բարելից, որն անցնում է խողովակաշարով, 2 միլիոնը նախատեսված է Սաուդյան Արաբիայի նավթավերամշակող գործարանների համար։ Սակայն Յանբուի երթուղին միայն մասամբ է փոխհատուցում մատակարարումներին հասցված հարվածը  Հորմուզի նեղուցի փակման պատճառով, որով մինչեւ պատերազմն օրական անցնում էր մոտ 15 մլն բարել հում նավթ։

Բայց այս շրջանցող մանեւրը պատճառներից մեկն է, որ նավթի գինը չի հասել ճգնաժամային առավելագույնին, որը բնութագրական էր առաջարկի նախորդ ցնցումների համար։