Հաջորդ փուլի աշխատանքների ժամանակացույցի հետ կապված դեռ չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ շուտով կլինի, կքննարկենք, կպայմանավորվենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ սահմանազատման աշխատանքների հետ կապված տևական ժամանակ է նորություն չկա։
«Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ–ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և կազմակերպել աշխատանքները և իրականացնել։
Հիմա, մենք, չսպասելով ԹՐԻՓՓ–ի ձևավորմանը, որովհետև հետագայում կփոխանցենք ԹՐԻՓՓ–ին, ուզում ենք մեկնարկել նախագծային աշխատանքները էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհի և երկաթգծի։ Երեք ենթակառուցվածքներն էլ պիտի կառուցվեն Սյունիքում։ Նախագծման աշխատանքներն սկսվել են։ Հիմա սխեմաներն ենք նայում, օպտիմալ տարբերակը։ Պիտի ամենաօպտիմալ տարբերակը գտնել, որպեսզի ներդրումը արդյունավետ լինի, և երկրորդը, որպեսզի ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում։ Ամեն ինչ հնարավոր է կառուցել, բայց էդ պիտի կառուցված լինի այնպես, որ ինքը մրցունակ լինի միջազգային լոգիստիկայում»,–ասաց նա։
Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ մեծ հավանականությամբ սահմանազատման հաջորդ փուլը գործնականում կտեսնենք ԹՐԻՓՓ–ի հատվածում, փոխվարչապետը դրական պատասխան տվեց. «Ես կարծում եմ հավանականությունը մեծ է, որ այդպես կլինի, որովհետև ԹՐԻՓՓ–ը պիտի արագ անենք»։
Նա հմաձայնեց, որ սահմանազատման գործընթացը դանդաղել է՝ հավելելով. «Միևնույն ժամանակ կա կանոնակարգ, կա իրավական բազա և աշխատանքը հիմա ավելի շատ պիտի լինի տեխնիկական և տոպոգրաֆիկ, քան այն բարդ իրավական գործընթացները, որոնք, փառք Աստծո, անցել ենք արդեն»։











