Ֆլորա Մարտիրոսյանը շատ շփվող, սիրալիր ու տաղանդավոր մարդ էր, ում հետ ենք սկսել կարիերան, միասին մասնակցել համերգների։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր դերասանուհի Սոֆի Դեւոյանը։
«Մի անգամ փորձերից մեկի ժամանակ լսեցի սքանչելի մի ձայն, այն պարզապես զմայլեց ինձ։ Մտածեցի՝ ինչ աստվածատուր ձայն է։ Վազեցի դեպի բեմ ու տեսա իրեն։ Պետք է կայանար մեր առաջին համատեղ համերգը, սակայն ես դեռ չէի ճանաչում իրեն։ Երիտասարդ աղջնակներ էինք։ Ֆլորան շատ շփվող, սիրալիր ու տաղանդավոր մարդ էր։ Ցավով եմ հիմա խոսում, նա այնքան անավարտ նախագծեր ուներ։ Ֆլորան հեռացավ, երբ եռանդով լի էր եւ դեռ կարող էր դեռ երկար տարիներ արարել»,- կիսվեց հիշողություններով Դեւոյանը։
Նա նաեւ ցանկություն հայտնեց, որ արվեստի մարդիկ, ովքեր ունեն հեռուն գնացող նածագծեր այս կյանքից հեռանալուց առաջ հասցնեն դրանք իրականություն դարձնել. «Իհարկե էլ ավելի լավ կլինի, եթե ծրագրերն ավարտելուց հետո էլ ունենան երկար կյանք»։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ում, մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Հայտնի երգչուհին 55 տարեկան էր։











