Արմավիրի կահույքի ֆաբրիկայի պահեստից 430 հազար դրամի ջերմամեկուսիչ խծուծ եւ շինարարական մեխեր գողացածի ինքնությունը պարզվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մինչեւ այդ մայիսի 9-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տրվել, որ պատուհանից մտել են Արմավիրի կահույքի ֆաբրիկայի պահեստ եւ գողացել ջերմամեկուսիչ խծուծ եւ շինարարական մեխեր: Մի քանի ամիս անց ոստիկանության ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Սարդարապատ գյուղի բնակիչներից նախկինում 2 անգամ դատված 27-ամյա Արման Հովհաննիսյանը: Վերջինս մի քանի տարի է ինչ աշխատել է հիշյալ պահեստում: Նոյեմբերի 16-ին Արտակը իր տանից բերման է ենթարկվել Արմավիրի բաժին եւ պատմել, որ գողոնի գնորդին նախապես է գտել: Իսկ գողությունը կատարել է քեռու տղայի հետ եւ այդ ամենը վաճառել համագյուղացուն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Արտակ Հովհաննիսյանը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է:











