Որեւէ մի հանրապետություն չի կարելի կապել այս կամ այն ուժի հետ` առաջին հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե Դաշնակցությանը, երկրորդ հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե կոմունիստական կուսակցությանը, երրորդ հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե Հայոց Համազգային շարժմանը կամ ՀՀԿ-ինը: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա շեշտեց, որ Առաջին հանրապետությունը փրկեց հային ֆիզիկական ոչնչացումից եւ վերադարձրեց իր հպարտությունը, ինքնությունը: «Մեծագույն դասը, որ պետք է սերտենք, վերհիշելով Արամ Մանուկյանի խոսքերը կասեմ` պետք է ապավինենք միայն մեզ` թե դրսում եւ թե ներսում, որեւէ մեկը մեր խնդիրները չի լուծելու: Կարող ենք լինել շատ բազմազան, խայտաբղետ, այլ կարծիքների մեջ իրարամերժ, բայց ոչ ազգային անվտանգության հարցում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետության կործանմանը, ապա ԿԳ նախարարի խոսքով, պետության հնարավոր կործանումը ոչ թե պատիժ է որեւէ մեկ կուսակցության համար, որն այդ պահին իշխանության է, այլ պետականության հնարավոր վերացումը պատիժ է ժողովրդի համար: «Շատ մակերեսային ընկալման դիապազոն պետք է ունենալ, որպեսզի դիտարկել իմ միտքը հեգնանքի, երգիծանքի կամ սարկազմի մեջ: Դրանք ընդամենը գործիքներ են խորհելու եւ մոտենալու ճշմարտությանը կամ իրականությանը»,- ասաց նա` անդրադառնալով ԱԺ ամբիոնից ՀՅԴ խմբակցությանն ուղղված իր հայտնի խոսքին, թե մենք լավ ենք սերտել Առաջին Հանրապետության դասերը եւ ձեր դափնիներին չենք հավակնում:

Նա նշեց, որ  ամեն կուսակցությունում էլ, ամեն քաղաքական ուժում էլ կան տարբեր մարդիկ, որոնք պետության հոգսով եւ հասարակության նյարդով են ապրում, եւ մարդիկ, որոնք գուցե այդ քաղաքական ճամբարում հայտնվել են ինչ-ինչ նեղ անձնական խնդիրներից ելնելով: «Կուսակցությունները խոշոր իմաստով գործիքներ են ժողովրդավարություն հաստատելու համար, այն ժողովրդի, որը հիմնադրել է պետությունը: Ես փորձում եմ միշտ միասնական լինել, տարբեր քաղաքական ուժերում ունեմ ընկերներ, ինչի համար երբեմն քննադատվում եմ, թե ես, թե իմ ընկերները, որովհետեւ որոշ մարդկանց կյանքի իրենց դիտակետից սեւ- սպիտակ է ներկապնակը: Նրանք չեն հասկանում, որ քաղաքական վեճից հետո կարելի է գնալ մի բաժակ սուրճի շուրջ շարունակել բովանդակային բանավեճը: Իրենց թվում է, թե ամբիոններն ատելության սերմանման համար են կամ ընդգծում են տարբերությունը, ոչ, ամբիոնները միավորում են խնդիրների շուրջ, որի վերաբերյալ կարող ենք ունենալ տարբեր հայացքներ»,-նշեց նախարարը:

Մանրամասները` տեսանյութում