Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցուցադրել է իր լիակատար արհամարհանքը Միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ: Հերթական անգամ գերեւարված անձի մոտ ժամանակին թույլ չեն տվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, փոխարենը հարվածային տեմպերով «հարցազրույց» են կազմակերպել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի գիշերը ԼՂՀ ՊԲ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել էր եւ հայտնվել ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նա տեղափոխվել է Բաքու: Ինջիղուլյանի գերեւարման կապակցությամբ Ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարություն էր տարածել, ըստ որի «եթե ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը ցանկություն հայտնի վերադառնալ Հայաստան, նրան հետ կվերադարձնեն: Ամեն ինչ կախված է լինելու նրա ցանկությունից»:
Օգոստոսի 12-ի ժամը 18-ի դրությամբ ԿԽՄԿ բաքվի գրասենյակի աշխատակիցներին դեռ թույլտվություն չէր տրվել գերի զինվորին հանդիպելու: Ընդ որում, գերեւարումից չորս օր անց:
Դրա փոխարեն ադրբեջանական իշխանությունները փութաջանորեն ANS-ի համար «բացառիկ հարցազրույց» են կազմակերպում Ինջիղուլյանի հետ:
Այդ հարցազրույցի մի մասը հրապարակել է haqqin.az կայքը: Թե ինչ ճնշումների եւ սպառնալիքների տակ է (4 օր գերության մեջ) Ինջիղուլյանը պատմում իր «կամավոր» սահմանախախտման մասին, կարելի է միայն գուշակել: Շտապողականությունը, որով սարքվել է այդ «բացառիկ հարցազրույցը», կրկին ցույց է տալիս, որ Ադրբեջանում միջազգային իրավունքի մասին խոսելն իսկ ավելորդ է:
Հիշեցնենք, որ ներկայումս հայկական կողմում գտնվում է ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը, ով հայկական կողմ է անցել անցած տարվա հուլիսին: Նա բազմիցս հայտարարել է, թե չի ցանկանում վերադառնալ հայրենիք:











