Կահիրեում, օգոստոսի 13-ին, տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումների արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել 10 մարդ:
Անկարգությունների էպիկենտրոնը եղել է Կահիրեի համալսարանից ոչ հեռու գտնվող Ֆեյսալ փողոցը, որտեղ «Մահմեդական եղբայրները» բողոքի երթ են անցկացրել, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Ականատեսների խոսքով՝ տեղի բնակիչները սկսել են նրանց վրա պլաստիկե շշեր նետել: Իսլամիստները պատասխանել են հրազենային կրակով: Երկու կողմերից գործ են դրվել քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր: Ոստիկանությունը ցրել է մարդկանց արցունքաբեր գազով:
Reuters-ը հայտնում է, որ «Մահմեդական եղբայրներ» շարժման հայտարարության համաձայն՝ իրենց զինակցին սպանել են քաղաքացիական հագուստով ոստիկանները, հաղորդում է Lenta.ru-ն:
Օրվա ընթացքում «Մահմեդական եղբայրները» Կահիրեում հարձակում են գործել կառավարական մի քանի շենքերի վրա: Մասնավորապես, նրանց հաջողվել է ներխուժել հարկերի նախարարություն եւ ծեծի ենթարկել մի քանի աշխատակիցների:
Իսլամիստների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումներ են տեղի ունեցել նաեւ Էլ-Մանսուր քաղաքում: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին:











