Եգիպտական «Մահմեդական եղբայրներ» շարժումը, որը պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիին է սատարում, կոչ է արել այս ուրբաթը՝ օգոստոսի 16-ը, վերածել «զայրույթի ուրբաթի»՝ ի նշան իշխանությունների կողմից ցուցարարներին ցրելու գործողությունների դեմ բողոքի:
«Մահմեդական եղբայրները» կողմնակիցներին կոչ են արել հավաքվել Կահիրեի Ռամզեսի հրապարակում՝ ուրբաթօրյա աղոթքից հետո «ուժ կիրառելու» համար:
Եգիպտոսի ՆԳՆ-ն անվտանգության ուժերի մարտիկներին արտոնել է մարտական զենք կիրառելը։ Դիտորդների կարծիքով՝ դա նոր զոհերի կհանգեցնի, գրում է «Ինտերֆաքսը»։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ գիշերը ոստիկանությունը վերահսկողության տակ է առել Կահիրեի մզկիթը, որտեղ հակակառավարական ցույցերը ցրելիս զոհված մոտ 200 ցուցարարների դիակներն են։
Իսլամիստները, ըստ տվյալների, այրել են Գիզայի շրջանում գտնվող կառավարական շենքը։
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում անկարգությունների հետեւանքով 638 մարդ զոհվել է։ Վիրավորների ընդհանուր թիվը մոտենում է 4 հազարին։ Ընդդիմությունը պնդում է, որ ցուցարարներին ցրելիս զոհերի թիվը հասել է մոտ 2 հազարի։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 15-ն ներեգիպտական հակամարտության բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել։











