Հայաստանի ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է՝ հավաքվում են Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով, որպեսզի պատգամավորները դեմ քվեարկեն պայմանագրին, որի վավերացումն այս քառօրյայի օրակարգում է։ Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, նրանք կրկին «դավաճան», «ամոթ» վանկարկումներով դիմավորեցին Ազգային ժողով մտնող պատգամավորներին։
Պատգամավորների մեծ մասը, ուշադրություն չդարձնելով ակցիայի մասնակիցներին, արագ շենք է մտնում, ոմանց նյարդերը, սակայն, տեղի են տալիս։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, որին ակտիվիստները մեղադրեցին անկախությանը դեմ լինելու համար, «էժանագին» անվանեց վերջիններին։ Խոսրով Հարությունյանը սպառնաց. «Հետո ցույց կտամ, թե ով դավաճանը»։
Ակտիվիստներից մեկը, դիմելով ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանին, նկատեց. «Ափսոս փուչիկները հետդ չեն, Ազգային ժողովը պայթացնեիր»։ Կարեն Ավագյանը վրդովվեց, երկու անգամ հարցրեց, թե ով էր նման բան ասողը, ու պատասխան չստանալով հեռացավ։
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը նախօրեին ակտիվիստներին ասել էր, որ գիտակցաբար կողմ է քվեարկելու պայմանագրին, ասաց, որ «դավաճան» անվանվելուց չի վիրավորվում, քանի որ իրեն դավաճան չի համարում։
Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից ակտիվիստները հետաքրքրվեցին՝ արդյոք չի վախենում, որ ԵՏՄ մտնելուց հետո իր բիզնեսները կտուժեն, ինչին նա պատասխանեց, որ չի վախենում։
Ակտիվիստները ջերմ ընդունեցին միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որին եւս մեկ անգամ խնդրեցին իրենց ասելիքը հասցնել պատգամավորներին։











