Հայաստանում իշխող քաղաքական գործիչները Ռուսաստանից ու Արեւմուտքից ողորմություն է հայցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին քննարկումների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը խախտում է հավասարակշռության սկզբունքը եւ կշեռքի ռուսական նժարին նոր հսկայական կշռաքար է դնում, որն առանց այդ էլ ծանր էր:

Փաշինյանը նշել է, որ իրավիճակը կապված չէ միայն Ռուսաստանի հետ: «Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կան, որոնք Մոսկվայի «դաբրոն» չեն որոնել: Եթե դա չեն արել Ռուսաստանում, ապա արել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Ու հիմա մենք վտանգում ենք կորցնել թանկարժեք ազատությունը, որը ձեռք ենք բերել մեծ դժվարությամբ, անպտուղ քաղաքական գործիչների կողմից Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրուսելներում մուրացող քաղաքական հեղինակության պատճառով»,-ասել է նա:

«Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ քաղաքացին ատի իր անկախությունը: Երբ տնավեր են արել ՀՀ քաղաքացուն, հիմա իմաստուն դեմքով դրա անունը դնում են ռեալ պոլիտիկ: Գործող քաղաքական էլիտան իրապես ինքնիշխան պետություն ունենալու կամք չունի, այլ ոչ թե հնարավորություն: Միջազգային հանդիպումներում ՀՀ ներկայացուցիչները նվնվում են, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան մերն է: Մինչդեռ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գիտի, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի անձնական բյուջեն ավելի մեծ է, քան պետական բյուջեն»,-ընդգծել է Փաշինյանը:
Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու ԵՏՄ անդամակցությանը: «Դեմ եմ քվեարկելու ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում Ռուսաստանը, այլ որ սիրում եմ ՀՀ ինքնիշխանությունը»,-ասել է նա: