ԵՏՄ-ի անդամակցության համար քվեարկելու պատրաստ խորհրդարանը չգիտի՝ ուր է տանում ժողովրդին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ խորհրդարանում հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ միանալու պայմանագիրը ոչ թե ուղղակի տնտեսական համաձայնությունների փաստաթուղթ է, այլ իրականում ցույց է տալիս համաշխարհային քաղաքակրթությունների բախումը:

Այնուհետեւ նա սկսեց ռուսերեն ընթերցել ռուս մտավորականի (անունը չնշվեց) վերջին հարցազրույցից մի հատված, որտեղ սուր քննադատության է ենթարկվել ՌԴ ներկայիս քաղաքական եւ տնտեսական վիճակն ու վարվող քաղաքականությունը:

«Ռուսաստանում իշխանությունը չափից դուրս շատ է եւ այն գործնականում անվերահսկելի է: Զանգվածները, հանուն որոնց եւ որոնց աջակցությամբ ամեն ինչ կատարվում է, հեշտորեն կարելի է գնել, հավաքագրել, խաբել, այնպես որ նրանք սկզբունքորեն ոչինչ չեն որոշում: Հիշեք, Ռուսաստանում երկու աղետ կա. ներքեւում խավարի իշխանությունն է, վերեւում՝ իշխանության խավարը: Ամեն ինչ այդպես էլ մնացել է: Ռուսաստանն այսօր անհավանական մութ երկիր է, եւ այն ավելի է խավարում եւ դա իրապես աղետի տեսք ունի: Արդյունքում ոչ ոք չի կարող պաշտպանվել դրանից: Ոչ մի ձեւով, մինչեւ երկինք ձգվող ոչ մի ցանկապատով հնարավոր չէ պաշտպանվել խավարի իշխանությունից, եթե նույնիսկ ընտրազանգվածային հիմքը այդ պայմանական «86 տոկոսն» են: Նույնիսկ եթե դու աշխարհի տերն են, եթե ընկար Ռուսաստան, դու ոչնչով պաշտպանված չես»:

Դահլիճից պատգամավորներից մեկը բացականչեց. «Մի հատ էլ անգլերեն հա՞»: «Ինչի՞, ռուսերեն չե՞ք հասկանում»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:

Դահլիճից սկսեցին ռեպլիկներ հնչել, ինչին Փոստանջյանը արձագանքեց կարգի հրավիրելու կոչերով:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ Փոստանջյանը խախտում է «Լեզվի մասին» օրենքը, թեեւ միշտ դրա կողմնակիցն է եղել: «Բանավեճը վերջացրեք: Եթե պիտի ռուսերեն խոսեիք, ասեիք՝ թարգմանիչ բերեինք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Այնուհետեւ Փոստանջյանն իր գործընկերներին ամոթանք տվեց իրենց եվրասիական ընտրության համար, մասնավորապես, ափսոսանք հայտնելով, որ երկարամյա պատմություն ունեցող կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն, նույնպես հանդես է գալիս ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին:

Նշենք, որ Փոստանջյանը մեջբերել էր Թատրոնի եւ կինոյի ռուսաստանցի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի հարցազրույցից մի հատված, որը դուրս էր բերված կոնտեքստից: