«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, նախագահական նստավայրի մոտ հավաքվել էին նամակ փոխանցելու եւ պահանջելու ՝ աշխատավարձերի ամբողջական վճարում եւ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու ծանուցագրերի գործընթացի կասեցում:
Գործարանի աշխատակիցներն սկսել են ծանուցագրեր ստանալ այն մասին, որ փետրվարի 6-ից լուծարվելու են իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Աշխատակիցների տեղեկություններով՝ նոր պայմանագրեր կնքվելու են միայն 500 հոգու հետ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն հավատում, որ իշխանությունները կատարելու են իրենց խոստումը եւ վճարելու են իրենց աշխատավարձերի պարտքը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար։
«Մենք հույսներս կտրել են, որ գումարը տալու են: Դիմել ենք, խաբել են մեզ, հեռուստացույցով ելույթ ունեցան, որ «Նաիրիտի» պարտքերը փակելու են: Մեկ ամսվա փող են տվել, ժողովրդին խաբում են: Յանիմ մինչեւ Նոր տարի էլ մեկ ամսվա էլի տալու են, բայց սաղ թանկացել ա արդեն, էս ժողովուրդը մեկ ամսվա աշխատավարձով ի՞նչ պետք է անի: Մենք մեր քրտինքով աշխատած փողն ենք ուզում, ձեզանից ողորմություն չենք խնդրում»,- ասաց գործարանի աշխատակից Հովհաննես Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին:






Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











