ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների մի քանի տասնյակ երիտասարդ անդամներն այսօր՝ ապրիլի 9-ին, մոտ 30-40 րոպե նստացույց են արել Գերմանիայի դեսպանատան մոտ՝ պահանջելով Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելից անձամբ իջնել եւ վերցնել նամակը, որով պահանջում են Գերմանայի Բունդեսթագից ընդունել օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց Ցեղասպանության ժխտումը Գերմանիայում։
«Հորդորում ենք Գերմանիայի կառավարությանը ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունը եւ ձեռնարկի ամբողջական հատուցման քայլեր: Գերմանիայի կառավարությանը հորդորում ենք նաեւ դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի ջատագովը, հետապնդել Ցեղասպանության զոհերի համար պատմական արդարության վերահաստատումը եւ հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնումը»,- դեսպանատան առաջ բարձրախոսով հայտարարեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները։
Միության անդամները «Աշխարհը ճանաչում է, Թուրքիան ճանաչելու է» «Հայոց պատմությունը չի վաճառվում», «Ճանաչում», «Թուրքիան դեռեւս թաքնվում է ստերի հետեւում» հայերեն եւ անգլերեն գրությամբ պաստառներով վանկարկում են «Ճանաչում», «Դատապարտում», «Պահանջում ենք» կոչերը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կրում են Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող անմոռուկներով սպիտակ վերնաշապիկներ, ազգային եւ ՀՅԴ կուսակցության դրոշներ։
Գերմանիայի Բունդեսթագը 2005թ.-ին, առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915 թվականի ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձեւը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի եւ հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չեն որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»:











