Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում օգոստոսի 31-ին 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ դանակի բազմաթիվ ծակած-կտրած հետքերով: Այս մասին տեղեկացանք ոստիկանության տեսանյութից:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ սպանվածը Վահան Աղաջանյանն է, որը հարեւանների խոսքով, սովորաբար հարբած էր տուն գալիս, հաճախ ընկերների հետ մինչեւ ուշ գիշեր աղմկում էին, կռիվներ սարքում:

Բազմաթիվ կասկածյալների շրջանակը նեղացել է, երբ ոստիկանները պարզել են՝ Աղաջանյանի նկատմամբ ոստիկանության բաժնում պատրաստված նյութեր կան՝ մի քաղաքացու պարբերաբար ծեծի ենթարկելու վերաբերյալ, որոնց մասին  հաղորդում տվողը հենց տուժած կինն էր:

Հարեւանների հավաստմամբ՝ սպանության օրը՝ օգոստոսի 28-ին, կինը սպանված Աղաջանյանի տանն էր եղել, կեսգիշերից հետո շենքում տեսել էին նաեւ նրա որդուն:

Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել 1983թ. ծնված Ռաֆայել Մկրտումյանը, որը խոստովանել է, որ ինքն է դանակի հարվածներով սպանել Աղաջանյանին:

Պարզվել է, որ Մկրտումյանի մայրը կապի մեջ է եղել սպանվածի հետ, ինչի մասին որդին իմացել էր:

Ըստ կասկածյալի խոստովանական ցուցմունքի՝ սպանության օրը մայրը ուշ էր տուն վերադարձել: Հարցուփորձ անելով Մկրտումյանը պարզել էր, որ մայրը գնացել էր Աղաջանյանի տուն իրենց հարաբերությունները վերջնականապես ճշտելու, բայց հարբած Աղաջանյանը մորը ստիպել էր գիշերել այնտեղ: Կինը կարողացել էր տնից թաքուն հեռանալ, միայն նրա քնելուց հետո, Մկրտումյանն էլ վերցրել էր դանակը ու գնացել սպանվածի բնակարան:

Հացագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում