Գագիկն ու Նարինեն երկար էին սպասել իրենց առաջնեկի ծնունդին։ Հինգ տարվա սպասումներն ու հավատը արդյունք տվեցին. երբ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ Նարինեի կրծքի տակ ոչ թե մեկ, այլ երեք պտղի սիրտ է բաբախում, ամուսիններն իրենց Աստծու կողմից եռակի օրհնված զգացին։
Երջանիկ զույգին չէր անհանգստացնում երեք նորածիններին ոտքի կանգնեցնելու դժվարությունների հեռանկարը։ Նրանք չէին պատկերացնում, որ իրականում իրենց ոչ սովորական դժվարություններ են սպասում։
Երեխաները ժամանակից շուտ ծնվեցին` հղիության 7–րդ ամիսը չլրացած։ Բժիշկներն աչքալուսանք տվեցին` երեք առողջ երեխա, երկուսը` աղջիկ, մեկը` տղա։ Մինչեւ 8 ամսականը երեխաների առողջական խնդիրների մասին հուշող ոչ մի նշան չկար։ Խնդիրներն ի հայտ եկան միայն երեխաների շարժողական համակարգի ակտիվացման ժամանակ։ Մինչ Գոհարիկն արդեն «չոչ էր անում» ու փորձում կանգնել, քույրն ու եղբայրն ակնհայտորեն հետ էին մնում։
Գայանեի ու Գարիկի մոտ մկանային լարվածություն կար, նյարդաբանը խորհուրդ տվեց պարտադիր վերականգնողական բուժում անցնել։ 2 տարեկանում երեխաների մոտ ախտորոշվեց մանկական ուղեղային կաթված։
Այդ օրվանից սկսվեց երիտասարդ զույգի ծանր ու երկարատեւ պայքարը` ամենօրյա այցեր ֆիզիոթերապեւտին` ամեն օր դրական չնչին տեղաշարժի սպասումով։
Երեք տարի միայն իրենց հայտնի դժվարությամբ Գագիկն ու Նարինեն կռիվ են տվել իրենց զավակներին ոտքի կանգնեցնելու համար։ Հիպոթերապիաների, հիդրոթերապիաների ու ֆիզիոթերապիաների կուրսերի անվերջ շրջապտույտում նույնիսկ հոգնելու կամ հուսահատվելու ժամանակ չեղավ։
Բուժումների արդյունքում Գարիկը սկսեց քայլել` ոչ լիարժեք, բայց դա ուժ տվեց հետագա պայքարի համար։ Գայանեն դեռ չի կարողանանում քայլել, խոսում է դժվարությամբ: Նրան շարունակական բուժում է հարկավոր` արդյունքի հասնելու համար։ Գագիկն ու Նարինեն պատրաստ են դրա ֆիզիկական ու հոգեբանական ծանրությանը, բայց բյուջեն արդեն սպառվել է։
Տան միակ աշխատողը` Գագիկը, իր եկամուտով կարողանում է բավարարել ընտանիքի առօրյա ծախսերը, բայց թերապիաները թանկ արժեն, երկու երեխայի համար` կրկնակի, միջին աշխատավարձ ստացողի համար` գրեթե անհասանելի։ Մինչեւ հիմա ծնողները «կաշվից դուրս գալով» հասցրել են, հիմա արդեն չեն կարողանում։
Արդեն երեք ամիս վերականգնողական բուժումները դադարեցրել են, ինչի պատճառով տարիների ջանքերը կարող են «ջուրն ընկնել». վտանգ կա, որ Գարիկի մոտ կրկին մկանային լարվածություն կսկսվի, նրա ոտքի մկանը շատ արագ լարվում ու կարճանում է, էլի սկսում է դժվար քայլել: Ամեն օրվա ֆիզիոթերապիան յուրաքանչյուր երեխայի համար կազմում է 5-10 հազար դրամ, իսկ հիպոթերապիան և հիդրոթերապիան` 25.000 դրամ:
Ծնողները երեխաներին արտասահման տանելու մասին չեն էլ համարձակվում երազել։ Դրանք ահռելի ծախսեր են, թեեւ Գայանեին թերեւս միայն Եվրոպայում կկարողանան ոտքի կանգնեցնել։
Այս պահին նրանք երազում են միայն Հայաստանում բուժումը շարունակելու մասին, ու այդ հարցում ակնկալում են բարի մարդկանց աջակցությունը։
Օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ անել հաշվեհամարներին`
Converse Bank
1930051771110100 AMD
19300 51771110158 RUS
19300 51771110104 EURO
Նարինե Սարիբեկի Սարիբեկյանի անունով
Վարդուհի Երանոսյան











