NEWS.am–ը ներկայացնում է փետրվարի 23–ի գլխավոր լուրերը` «մեկ տողով»

Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանն է։ Քվեարկությունից առաջ նրա թեկնածության օգտին են խոսել նաեւ որոշ ընդդիմադիր պատգամավորներ։ Սակայն ՀՅԴ–ն միակ խմբակցությունն էր, որ հստակ նշել է` իրենք կողմ են քվեարկելու Հանրապետականի թեկնածուին։

Ազգային ժողովի կուլիսների թոփ թեման այսօր կրկին Մհեր Սեդրակյանն էր` իր էքսցենտրիկ բառապաշարով։ Պատգամավորը հայհոյե՞լ է լրագրողներին, թե ոչ։ Միջադեպի ձայնագրության մեջ հանրապետականներն ու լրագրողները տարբեր բաներ են լսում։

Լրագրողը լսել է` Մհեր Սեդրակյանը եւ «նախիր» է անվանել լրագրողներին, եւ հայհոյել է։ Լրագրողները ամեն ինչ անելու են, որ պատգամավորը չմարսի այս վիրավորանքը եւ արդեն նրան պատժելու պահանջով 70–ից ավելի ստորագրություն են հավաքել, որը կներկայացնեն Էթիկայի հանձնաժողով։ Լրագրողների ակցիային միացել են նաեւ որոշ պատգամավորներ։

Արամ Մանուկյանի բարձրացրած հարցը օրակարգից դուրս է։ Նա գործընկերներին կոչ է անում հրաժարվել բարեւելիս միմյանց համբուրելու օտարածին սովորույթից։ Շարմազանովը չի դիմանում մեկնաբանելու գայթակղությանը։

«Նոր Հայաստանի» երիտասարդները գիշերն անցկացրել են փողոցում` Նուբարաշեն քրեակատարողականի դիմաց, որտեղ պահվում է Ամանորի գիշերը ձերբակալված Գեւորգ Սաֆարյանը։ Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ակտիվիստին ընկերները  համարում են քաղբանտարկյալ, այն տասից ավելի կալանավորների նման, որոնց նկարներն իրենց հետ բերել էին ակցիային։

Արարատի մարզում մահացած հայտնաբերված նորածնին` հնարավոր է` սպանել է մայրը։ Քննչականը հենց այս հոդվածով է քրեական գործ հարուցել։ Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ տղա երեխան մահացել է չկապված պորտալարից արյունահոսության հետեւանքով: Ավելին, երեխայի դին գտել են կիսաայրված վիճակում։

Եվս մեկ կիսաայրված դի` կրկին Արարատի մարզում։ Ձկնորսները Նորամարգի ջրանցքում տղամարդու դի են գտել։ Քննությունը կպարզի` ով է նա եւ ինչ հանգամանքներում է մահացել։

Վանաձորցի փրկարարները ինքնասպանության արտառոց փորձ են կանխել։ 56–ամյա Անդրանիկը ահազանգել է, թե պարանը գցել է վիզը եւ ուզում է ինքնասպան լինել։ Մինչեւ փրկարարների ժամանելը հոգեբանը հեռախոսով փորձել է նրան հետ պահել այդ քայլից, դեպքի վայրում պարզվել է` ոչ մի պարան էլ չկա, ԱՄՆ–ից նոր վերադարձած Անդրանիկը ալկոհոլի ազդեցության տակ էր եւ այդ կերպ դժգոհում էր հայրենիքի ծանր սոցիալական վիճակից։

Երեւանում բախվել են թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կաթնամթերք առաքող բեռնատար «Գազելը» եւ «Mitsubishi Pajero»-ն։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8–ին, Աջափնյակ համայքնում։ Mitsubishi-ի 21-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Պուտինը եւ Օբաման հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի պայմանները, որոնք ընդունել են նաեւ Ասադը եւ սիրիական ընդդիմությունը։ Փետրվարի 27–ից ռուսական, ամերիկյան եւ սիրիական ուժերը կդադարեցնեն ռազմական գործողությունները Սիրիայի այն տարածքներում, որոնք չափավոր ընդդիմադիրների վերահսկողության տակ են։  Ընդ որում, Պուտինն իրեն իրավունք է վերապահել շարունակել օդային հարվածները «Իսլամական պետության» եւ մյուս ահաբեկչական խմբավորումների դիրքերին։

28–ամյա Ելենա Աթայանը արդեն մեկ շաբաթ բողոքի ակցիա է անում Ռուսաստանի Կամենսկ-Ուրալսկ քաղաքում։ Նա պահանջում է ազատ արձակել իր վեց երեխաների հորը` Արմեն Աթայանին ու նրա եղբորը։ Կինը պնդում է, որ թմրանյութերի ապօրինի բիզնեսի մեջ մեղադրվող եղբայրների գլխին ոստիկանները սարքել են, երբ նրանք հրաժարվել են տալ ոստիկանների պահանջած գումարը։ սինքրոն

Եգիպտոսում  4-ամյա տղային սխալմամբ են ցմահ ազատազրկման դատապարտել։ Նրա փոխարեն պետք է դատվեր նույն անուն ազգանունն ունեցող 16–ամյա մի երիտասարդ։ Չորս սպանությունները, որոնց մեջ մեղավոր էր ճանաչվել փոքրիկ Ահմեդը, կատարվել են այն ժամանակ, երբ նա ընդամենը երկու տարեկան էր։ 

Դոլարի, եվրոյի, ֆունտի փոխարժեքներն այսօր կրկին նվազել են: Դոլարի փոխարժեքն փետրվարի 23-ին կազմել է 493,  եվրոյինը՝  542, բրիտանական ֆունտինը ՝ 696 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր աննշան աճել է, բայց մնացել նույն մակարդակում` 6.52 դրամ։

Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Հայաստանի  մարզերի մեծ մասում տեղումներ են սպասվում: Երեւանում անձրեւոտ եղանակ կլինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 8, վաղը ցերեկը`  մինչեւ 11 աստիճան տաքություն: