Մարտի 24-ին ամբողջ օրը ուժային կառույցներին եւ հասարակությանը լարվածության մեջ պահեց անհայտ անձի ահազանգը, թե «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ է  տեղադրված: Կեսօրից սկսած ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը օդանավակակայանում որոնողական աշխատանքներ էին իրականացնում: Մի քանի ժամ տարածքն ուսումնասիրելուց հետո ոչինչ չգտան: Ոստիկաններն այժմ փնտրում են ահազանգած անձնավորությանը:

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել մարտի 24-ին, առավոտյան ժամը 07.54-ին: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժն զգացվել է Ստեփանավան քաղաքում եւ մոտակա բնակավայրերում: 

Հայաստանի զինված ուժերում կրկին մահվան դեպք է գրանցվել: Այսօր առավոտյան Կապանի զորամասերից մեկի հրաձգարանում գտել են 19-ամյա ժամկետային զինծառայողի մարմինը՝ գլխին հրազենային վնասվածքով: Մահվան հանգամանքները պարզվում են: Սեւակ Համբարձումյանը ծնողների միակ զավակն էր, ապրում էր Երեւանում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ հայ զինծառայողը մահանում է  ոչ հակառակորդի գնդակից:

Էջմիածնում տարեց կին է ինքնասպան եղել, կախվել է ճաղավանդակից: 70-ամյա Զեմֆիրան գրություն է թողել, ասել, որ պարտքերի պատճառով է ինքնասպան լինում: Հարեւաններն էլ պատմել են, որ նրա պարտքերն ու վարկերն այնքան շատ էին, որ  նույնիսկ տան վարձը չէր կարողանում վճարել: Մահացածը երկու երեխա ուներ, նրանք ամուսնացած են եւ առանձին են ապրում:

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ախուրիկ գյուղի տարածքում գտնվող ավազի հանքում բեռնատարը բախվել է այն քարշակող տրակտորին: 23-ամյա Տարոն Ավետիսյանը, մնալով դրանց արանքում, տեղում մահացել է:

Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ կրկին բախում է եղել: Ի նշան բողոքի իրենց շղթայած ակտիվիստները մի պահ փակել են Մաշտոցի պողոտան: Ոստիկանները նրանց փողոցից հեռացրել են ուժով, սկսվել է հրմշտոց, ոստիկանները բերման են ենթարկել 14 մարդու, այդ թվում՝ 4 կնոջ: «Նոր Հայաստանը» հայտարարել է, որ ոստիկանները բռնություն են գործադրել եւ հայհոյել ակտիվիստներին: Բախման ժամանակ վնասվածք է ստացել Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը: Ավելի ուշ բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել:

Փողոց փակելու մի փորձ էլ Կոնդ թաղամասի նախկին բնակիչներն են ձեռնարկել կառավարության շենքի մոտ. պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, որպեսզի Հովիկ Աբրահամյանը հստակ ասի, թե տարիներ առաջ իրենց քանդված տների դիմաց երբ են են վերջապես տուն կամ գումար ստանալու: Ոստիկաններն արագ հեռացրել են նրանց փողոցից եւ թույլ չեն տվել շենք մտնել: Կառավարության նամակների բաժնի ղեկավարը խորհուրդ է տվել ուրիշ օր գալ, երբ վարչապետն այդքան էլ զբաղված չէ

Առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանը հերքել է իր պաշտոնանկության լուրերը: Մամուլը գրել էր, թե նրան պաշտոն են առաջարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, իսկ նրա փոխարեն նշանակելու են  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: Մուրադյանն այսօր բացատրել է՝ ոչ թե պաշտոն են առաջարկել, այլ ընդամենը համանախագահել այդ կազմակերպության վեհաժողովի առաջիկա նստաշրջանում:

Արմեն Մուրադյանի հեռանալու լուրերը ավելի ակտիվացան, երբ հայտնի դարձավ, որ  Արցախի առողջապահության նախարարի պաշտոնից ազատվել է Հարությունը Քուշկյանը: Կարծիք կա, որ հենց նրան կարող են վերադարձնել Հայաստանի առողջապահության նախարարի պորտֆելը:

Իրավունք ունի արդոք Ռուբեն Հայրապետյանը որոշել՝ ով պետք է խաղա հավաքականում, ով ՝ ոչ: Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ասում է՝ չունի, ֆեդերացիայի մարզչական խորհուրդն է այս որոշումները կայացնում: Այդ դեպքում ինչպես նախարարը կմեկնաբանի Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե ինքն անձամբ է որոշել հավաքական չհրավիրել երեք առաջատար ֆուտբոլիստներին:

ԲՀԿ-ում կրքերը չեն հանդարտվում: Այս անգամ լուր էր տարածվել, թե փակվել է կուսակցության Բաղրամյանի տարածքային կառույցը: Կառույցի ղեկավար Սամվել Սիմոնյանը ասել էր, թե կուսակցությունից հիասթափվել է: Ավելի ուշ հերքել էր ինքն իրեն՝ ասելով, թե ընդամենը գրասենյակի տարածքն է փոխել: ԲՀԿ-ում վստահ են, որ այս ամենի մեջ Աբրահամ Մանուկյանի մատն է խառը. չի հարմարվում իրենից տարածքային կառույցները համակարգելու լիազորությունը իր ձեռքից վերցնելու՝  Նաիրա Զոհրաբյանի որոշման հետ: 

Իրանցի զբոսաշրջիկը դժգոհ է հայկական հյուրընկալությունից. այս ամենից բացի տաքսիներն էլ կրկնակի են վերցնում: NEWS.am-ի հետ զրույցում իրանցի զբոսաշրջիկներից շատերն ասացին, որ մյուս տարի Նովրուզը Հայաստանում չեն նշի: Ծառայությունների գինը բարձր է, որակը ցածր: 

Մարտի 24-ին երկրպագուները, մշակույթի եւ պետական գործիչները հրաժեշտ են տվել հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանին: Աշխարհահռչակ տենորին կհուղարկավորեն վաղը Կոմիտասի անվան պանթեոնում:

Կրքոտ տանգո՝ Բարաք եւ Միշել Օբամաների կատարմամբ: Արգենտինայի նախագահի կազմակերպած ընդունելությանը պրոֆեսիոնալ պարողները նրանց տանգոյի են հրավիրել, առաջին տիկինն անմիջապես է համաձայնել, նախագահը՝ մի քիչ չեմուչում անելուց հետո:

Երևանում մարտի 25-ին  օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Եղանակը  քամոտ կլինի: Մայրաքաղաքում այս գիշեր  կլինի մինչև 9, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 18 աստիճան տաքություն։

Դոլարի անկումը կանգ առավ. այն մի փոքր արժեւորվել է: Դոլարի փոխարժեքն ասօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 537, ֆունտինը 677, ռուսական ռուբլունը՝ 7.92: