Հայաստանը հորդորել է եւ շարունակում է հորդորել Ռուսաստանի Դաշնությանը զենք չվաճառել Ադրբեջանին, որն էլ դա օգտագործում է՝ սպանելով խաղաղ բնակչությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Գյումրիում զոհված 3 զինծառայողների հոգեհանգստից հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Լավ կլինի որ չվաճառեն, բայց դա իրենց գործն է, իրենք են որոշում: Մենք հորդորել ենք եւ հորդորում ենք, որ զենքը չվաճառեն, իրենց էլ ասել ենք, որ լավ չենք համարում, որ իրենք զենք են վաճառում: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանը զենք է վաճառում ագրեսոր Ադրբեջանին: Դա վատ բան է, քանի որ Ադրբեջանը դա օգտագործում է՝ սպանելու խաղաղ բնակիչներին, ծերերին, երեխաներին, սպանում է աշակերտին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, մասնավորապես ասել է. «Մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից: Մենք հրաշալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Կսկսեն զենք գնել այլ երկրներից: Դրանից մահաբերության աստիճանը չի պակասի: Դա կարող է խախտել նաեւ գոյություն ունեցող հավասարակշռությունը: Մենք հասկանում ենք մեր գործընկերների հարցադրումները, եւ բոլորը պատկերացնում են ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Հետեւաբար, ես վստահ չեմ, որ այս շուկա այլ երկրներից զենքի մատակարարների մուտք կթեթեւացնի իրավիճակը: Ես կարծում եմ, առավել հավանական է, որ իրավիճակն ավելի կբարդանա»:











