Գարնանային տհաճ անակնկալ: Մայիսի 23-ին ժամը 15-ի մոտ փոթորիկ է սկսվել Երեւանում եւ մոտակա մարզերում: Ուժեղ քամին ավերածություններ է գործել մայրաքաղաքում, Արագածոտնում եւ Արմավիրում, պոկել տանիքներ,  արմատախիլ արել ծառեր, վնասել հոսանքի հաղորդալարեր եւ գազատար խողովակներ, մի քանի համայնքներում հրդեհ է բռնկվել, անջատված լուսացույցերի հետեւանքով մայրաքաղաքում խցանումներ են առաջացել: Քամին այնքան ուժեղ էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ էր տալիս մի քանի ժամ փողոց դուրս չգալ:   Երևանում ուժգին քամու հետևանքով տուժել է 9 քաղաքացի. նրանցից 7-ը մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, կրակոցները շատ քիչ են, իսկ մեր զինվորների տրամադրությունը՝ բարձր, լրագրողների ասել է Սեյրան Օհանյանը:  Լրագրողները նախարարից նաեւ հետաքրքրվել են՝ օրերս Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ապրիլյան պատերազմում կորցրած  800 հեկտարն ամայի տարածք էր, և այդ խնդրի վրա չարժե ծանրանալ: Արդյոք դա նշանակում է, որ մենք պետք է մոռանանք այդ տարածքների մասին

Ապրիլյան պատերազմից բխող պաշտոնանկությունները շարունակվում են: Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Զինված ուժերի սպառազինության պետ, գեներալ մայոր Մելսիկ Չիլինգարյանը

Մեկ այլ հրամանագրով՝  նախագահը Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ: Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Կոմիտաս Մուրադյանը, որին նախագահն աշխատանքից ազատել էր քառօրյան պատերազմից հետո:

Հայաստան է վերադարձել գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել նրա վերադարձի պահանջով ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունը՝ նշելով, որ նրա փորձն ու հմտությունները անգնահատելի լինել նաեւ այսօր: Սամվել Բաբայանը Արցախի պաշտպանության բանակի հիմնադիրն է, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում:

Թուրքիայի հաջորդ վարչապետի անունն արդեն հայտնի է: Դավութօղլուին կփոխարինի  61-ամյա Բինալի Յլդըրըմը: Էրդողանի թեկնածուն արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է իշխող կուսակցության նախագահ եւ նախագահից ստացել կառավարություն  ձեւավորելու հանձնարարական: Մինչեւ այժմ Յլդըրըմը զբաղեցնում էր Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը:

Երիտասարդ ակտիվիստը երկու տարով կարող է ազատազրկվել ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու համար: «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանի գործը դատարանում է: Նա իրեն իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքը չի ընդունում: Ակտիվիստն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը չի հասկանում՝ ինչ կարգ է խախտել, այն էլ՝ կոպիտ, ինչպես նշվում է մեղադրանքում:Մեղադրյալի պաշտպան Տիգրան Սաֆարյանը զարմացած է՝ ինչպես կարող էր նման մեղադրանքով քրեական գործը դատարանը վարույթ ընդունել:

Այս գիշեր Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում ողբերգական վթար է տեղի ունեցել: «Ֆորդ»  մակնիշի    միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հարվածել սյանը: Վարորդը եւ ութ ուղևորները ծանր վնաասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը՝ 56-ամյա Տիգրան Խաչատրյանը  հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Տուժածներից չորսի վիճակն էլ  ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Տուժածները Գյումրիի Կենտրոնական շուկայի աշխատակիցներ են, Նոր Հաճնից էին վերադառնում, ուր գնացել էին հոգեհանգստի

Երևանի «Իսրայել Օրի» հյուրանոցում ինքնասպանության դեպք է գրանցվել:  Նախնական տեղեկություններով՝ 30-35 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել հոսանքահարվելու միջոցով: Մահացածի մարմնի վրա եղել են հոսանքի լարեր, որոնց մի ծայրն միացված է եղել հոսանքը սնուցող տուփին:

Երեւանի «Աղի ջրեր» կոչվող լճակում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել: Նախնական տեղեկությամբ՝ 35-40 տարեկան կնոջ ինքնազգացողությունը լողալիս վատացել է եւ նա մահացել է: Դիակի վրա բռնության հետքեր չկան:

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պայմաններում էին երկու օր առաջ երեք երիտասարդները խեղդվել Արցախի Քաշաթաղի «Տաք ջրեր» կոչվող լճում: NEWS.am-ին քաշաթաղցիները պատմել են, որ լճի այդ հատվածից գոլ ջուր է դուրս գալիս եւ գազեր, այնքան շատ, որ լճին մոտ գնալ անգամ հնարավոր չէ:  Ջրից նմուշ են վերցրել եւ ուղարկել լաբորատորիա:  Հիշեցնենք, որ մահացածներից երկուսը 25 տարեկան էին՝ մեկը Բերձորից, մյուսը՝  Գորիսից, իսկ 31-ամյա տղամարդը Էջմիածնից էր:

Երեւանում բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Արձանը կանգնեցրել են Ավանում՝ նրա անունը կրող փողոցում: Բացմանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ: Բրոնզաձույլ քանդակի հեղինակը Համլետ Մարտինյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը:

Մայիսի 22-ին Երեւանում նշել են Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Ֆրանսահայ լեգենդար շանսոնյեն դարձավ 92 տարեկան: Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել համերգ: Ելույթ են ունեցել Լեւոն Մալխասյանը, Տիգրան Համասյանը, Հայկ Պետրոսյանը  եւ այլ երաժիշտներ: Հնչել են Ազնավուրի ամենասիրված երգերը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, եւս մեկ մրցաշրջան կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում»: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ գերմանական ակումբը մերժել է Լոնդոնի «Չելսիին» ու «Արսենալին», որոնք ցանկանում են ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին: Հումլսից հետո «Բորուսիան» չի ցանկանում կորցնել թիմի եւս մեկ առաջատարի:

Այսօր դոլարի, ռուբլու, եվրոյի ու ֆունտի փոխարժեքները նվազել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝ 7.12, եվրոյինը՝ 535, ֆունտինը՝ 692 դրամ:

Երեւանում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև +15, իսկ վաղը ցերեկը՝ +26 աստիճան տաքություն։