Սերժ Սարգսյանը կմնա մեր առաջնորդը նաեւ 2018-ից հետո: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության 2017-22 թվականների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

«Մենք պետք է ազնիվ լինենք, մենք պետք է բարեխիղճ լինենք, մենք պետք է մարդասեր լինենք, մենք պետք է ամեն օր, ամեն րոպե մտածենք մեր ժողովրդի վաղվա մասին, վստահենք մեր կառավարությանն ու շարունակենք միասին կառուցել ապահով եւ անվտանգ Հայաստան, իրավունքի Հայաստան, արդարության եւ վստահության Հայաստան, որտեղ գերագույն արժեքը մարդն է:

Ուստի, առաջարկում եմ հավանության արժանացնել այս կարեւոր փաստաթուղթը վարչապետի կողմից իր եզրափակիչ ելույթում նշած փոփոխություններով՝ վստահ լինելով, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, իսկ այս ծրագիրը բխում է մեր քաղաքացու եւ մեր երկրի շահերից»,-հայտարարել է ԱԺ նախագահը:

Նրա խոսքով, սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական, պաշտպանության ոլորտի հարցերը հստակ ու պարզ ներկայացված են ծրագրում: «Ընդդիմության հարցադրումները, թե ով է լինելու վարչապետը 2018-ին շահարկումներ են, ոչ ավելին: Դա չէ գլխավորը, ինչպես նաեւ գլխավոր չէ, թե ինչ պաշտոմ եմ զբաղեցնելու ես: Ես ծառայելու եմ իմ ժողովրդին այնտեղ, որտեղ օգտակոր կլինեմ»: