Նախօրեին Դեբեդ գետն ընկած տարեց կնոջը դեռ չեն գտել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին,  ժամը 15:30-ի սահմանում Շնող-Քակո գյուղերի հատվածում Դեբեդ գետն են ընկել Վանաձոր քաղաքի բնակչուհիներ 81-ամյա Ռոզա Վերմիշյանը եւ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը: Աղջիկը դեպքի վայր ժամանած փրկարարներին հայտնել է, որ ինքն ու մայրը անցել են գետն իրենց այգին մշակելու համար, իսկ վերադառնալու ճանապարհին մայրը սայթաքել ու ընկել է գետը, ինքը փորձել է պահել մորը, սակայն չի կարողացել:

Գետի երկայնքով (մոտ 4 կմ) եւ ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ եւ ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:

Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն այսօր՝ հուլիսի 18-ի առավոտյան: