Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր թեժ քննարկումներ էին: Պատճառը «Ելք» խմբակցության ներկայացրած երկու հարցերն էին՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու եւ այդ հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հիմնական բանավեճը «Ելք»-ի եւ ՀՀԿ-ի միջեւ էր:

Հանրապետականները խոսում էին ԵՏՄ-ի առավելությունների մասին, վիճակագրություն եւ թվեր ներկայացնում: Եվրասիական միությունից հրաժարվելու դեպքում Հայաստանի համար հետեւանքների մասին Արտաշես Գեղամյանի հիմնավորումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նմանակեց պատգամավորին: Սրահում ծիծաղ բարձրացավ, բայց լարվածությունը չթուլացավ: Արմեն Աշոտյանի հետ էլ Նիկոլ Փաշինյանը վիճաբանեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հարցի շուրջ: Հերմինե Նաղդալյանը զարմացած էր Արմեն Աշոտյանի համբերատարությունից: Չմոռացավ նաեւ ընդգծել. կանոնակարգից դուրս քննարկում էր:

Ի վերջո, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցության առաջարկությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանության չարժանացրեց: Հերմինե Նաղդալյանը պարզաբանեց. դրանում չկա որեւէ հարց, որը մշտական այս հանձնաժողովը չի կարող քննարկել: Իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին «Ելք»-ի հայտարարության նախագծի քննարկումը որոշվեց երկու ամսով հետաձգել. հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել նիստին: Ավելի ուշ «Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանն ասել է՝ սա իրենց մարտավարությունն է. Մարուքյանը մտածված չի ներկայացել նիստին, որպեսզի հարցի քննարկումը հետաձգվի, եւ ՀՀԿ-ն ժամանակ ունենա ապացույցներ ներկայացնել ԵՏՄ-ի առավելությունների վերաբերյալ:

Չնայած սրան՝ «Ելք»-ը որոշել է հարցը հրատապ ճանաչել եւ ներառել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում: Իսկ խորհրդարանական հերթական քառօրյան մեկնարկելու է հոկտեմբերի 3-ին:

«Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լիբերալ քաղաքական դպրոց է հիմնել: Առաջին ուսումնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին: Դպրոցի ու նրա սաների միջոցով ուզում են Հայաստանում լուսավորականություն եւ ժողովրդավարություն արմատավորել: «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանն ասում է՝ այս դպրոցում ոչ մի թեմայի, ոչ մի քննարկման տաբու չի լինելու: Իրենց դպրոց են գնալու մարդիկ, ովքեր բանավեճ են ուզում, ուզում են ազատական գաղափարների հետ առնչվել, առաջ շարժվել ու զարգացնել Հայաստանը:

Դպրոցում կդասավանդեն ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան մասնագետներ, իրավապաշտպաններ, դիվանագետներ: Արդեն հայտնի է, որ առաջին ուսումնական փուլում դասախոսություն կկարդա Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, դպրոցի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ ԱՄՆ դեսպանը:

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստին այսօր փաստաբաններն ակցիա են կազմակերպել. նրանք նիստին ներկայացել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի լուսանկարով եւ «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» գրությամբ շապիկներով: Փաստաբաններն ասել են, որ նման ակցիայով ցանկանում են վերջ դնել փաստաբանների ապօրինի խուզարկություններին եւ վերացնել դատարանի շենք մտնելու խոչընդոտները: Ըստ նրանց՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս գործում եւս գերու կարգավիճակում է, այդ պատճառով որոշել են նաեւ «նրա ազատությունը պահանջել»: Արդեն դատարանի դահլիճում փաստաբան Լուսինե Սահակյանն իր շապիկը նվիրել է մեղադրող Պետրոս Պետրոսյանին եւ բացատրել, թե ինչու: Արտուշ Գաբրիելյանն այսօրվա նիստը հետաձգել է՝ նույնիսկ նիստերի դահլիճ չգալով: Լուսինե Սահակյանը դատավորի այս քայլն արտառոց է որակել:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 12 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը: Եզրափակիչում նրա մրցակիցը Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դին Լիրենն էր: Չորս դասական պարտիաներում միայն ոչ ոքի է գրանցվել, իսկ թայ-բրեյքում Լեւոն Արոնյանի առավելությունը հսկայական էր. արագ խաղի երկու պարտիաներում էլ նա հաղթել է: Լեւոն Արոնյանը նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր է նվաճել եւ 120 հազար դոլար ստացել: Ի դեպ՝ սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Լեւոն Արոնյանի հարսանիքը:

Հանրապետությունում այսօր մահվան ելքով մի քանի պատահար է տեղի ունեցել: Վաղ առավոտյան Երեւանի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, «Volvo» մակնիշի բեռնատարը շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը՝ 45-ամյա Արմեն Արշակյանը, տեղում մահացել է: Ըստ տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս քնել է ղեկին:

Կեսգիշերն անց էլ Ավանի գազալցակայաններից մեկի մոտ էլ Volkswagen-ը բախվել է Volvo-ի ավտոքարշակին: Վթարի հետեւանքով Volkswagen-ի 58-ամյա ուղեւոր Նարինե Մարտիրոսյանը տեղում մահացել է, վարորդն ու 9-ամյա ուղեւորը հիվանդանոց են տեղափոխվել: Իսկ Երեւան-Աշտարակ ճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ, ԳԱԶ 2410 մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին: 60-ամյա տղամարդը մահացել է:

Դուբայում 2018 թվականից հնարավոր կլինի օգտվել ինքնակառավարվող օդային տաքսի ծառայությունից: Volocopter 2X աէրոտաքսին առաջին փորձնական թռիչքն է կատարել: Այն կարող է օդ բարձրացնել մինչեւ 160 կգ բեռ կամ երկու մարդու: Թռչող սարքի առավելագույն արագությունը 100 կմ/ժ է, մեկ լիցքավորմամբ թռիչքի տեւողությունը՝ շուրջ կես ժամ: Այն կարող է ինքնուրույն ընթանալ երթուղով, կառավարվել խցիկից կամ օպերատորի օգնությամբ՝ ցամաքից: Աէրոտաքսի հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի համար մշակված հատուկ հավելվածի օգնությամբ: Գերմանական ընկերության արտադրանքը շուրջ 340 հազար դոլար կարժենա:

Սեպտեմբերի 27-ին դոլարը կայուն է եղել, եվրոն արժեզրկվել է եւս 3 դրամով: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 561, ֆունտինը՝ 640 դրամ, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա:

Սեպտեմբերի 28-30-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես, հատկապես երեկոյան ժամերին, տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն: