Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 23-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Սեֆիլյանի շահերի պաշտպանը միջնորդությամբ հանդես եկավ: Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց դատավարությունը վերսկսելու եւ Ժիրայր Սեֆիլյանին ցուցմունք տալու հնարավորություն տալու մասին:
«Ամենաէական ցուցմունքը Ժիրայր Սեֆիլյանինն է, առանց այդ ցուցմունքի էս դատարանը չի կարող որոշում կայացնել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, նրա ցուցմունքն էական է նաեւ մեր կողմից ներկայացված միջնորդությունների անհրաժեշտության եւ մերժման գնահատականը տալու համար»,-ասաց պաշտպան Տիգրան Եգորյանը:
Դատարանը նշեց, որ այս պահին վիճաբանությունների փուլն է եւ Ժիրայր Սեֆիլյանը չի կարող ցուցմունք տալ այս փուլում, իսկ դատավարությունը սկսելու վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացնել այն ժամանակ, եթե պաշտպանական ճառում նշի այնպիսի նոր հանգամանքներ, որով անհրաժեշտություն կառաջանա դատքննությունը վերսկսելու:
Տիգրան Եգորյանն այս պատասխանից հետո դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. «Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն: Բացատրության, կամ հիմնավորման կարիք չկա , այս քայլով եւս մեկ անգամ հիմնավորեցիք, որ այստեղ արդարադատություն իրականացնելու համար չեք, այլ այս գործն արագ ավարտելու եւ որոշում կայացնելու համար եք: Ես հիմա միջնորդությունը կներկայացնեմ, դուք խորհրդակցական սենյակ կգնաք, կմերժեք եւ նորից կանցնենք պաշտպանական ճառերին, ամեն ինչ պարզ է»:
Տիգրան Եգորյանն անդրադարձավ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի մասնագիտական որակներին` նշելով, որ նա այն դատավորը չէ, ով պետք է այս գործը նախագահի` նշելով, որ Տաթեւիկ Գրիգորյանն իր գործունեությամբ ոտնահարում է դատարանի հեղինակությունը, որը կամ մասնագիտական անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող որակի արդյունք է, կամ` դիտավորության. «Բացի դատավորի համար անհրաժեշտ մասնագիտական թեստից, պետք է հանձնեիք նաեւ հոգեբանական թեստ. այդ թեստի մեջ է մտնում նաեւ ունկնդրելու կարողությունը, Դուք, փաստորեն, այդ թեստը չեք անցել եւ մենք որեւէ հիմք չունենք կարծելու, որ Դուք այդ չափորոշիչներին համապատասխանում եք: Դուք ունակ չեք եւ չեք կարող հանդես գալ, առնվազն Ձեր կյանքի այս փուլում, որպես դատավոր»: Տաթեւիկ Գրիգորյանը ընդհատեց Տիգրան Եգորյանին` նշելով, որ նա իրավունք չունի խոսել նախագահողի մասնագիտական իրավունքների մասին եւ նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցի` նախազգուշացման տեսքով: Այնուհետեւ Տիգրան Եգորյանը շարունակեց. «Դուք արհեստական ծանրաբեռնել եք հանրային պաշտպաններին այն դեպքում, երբ մեր պաշտպանյալները չեն ընդունում նրանց: Դուք վատ վիճակի մեջ եք դրել եւ մեզ, եւ հանրային պաշտպաններից Աննա Ջուվանովային, որը Գեւորգ Սաֆարյանի պաշտպանն է համարվում եւ իր պարտականություններն է կատարում այն դեպքում, երբ նրան չեն ընդունում որպես պաշտպան: Դուք պաշտպաններ եք կլոնավորում`հանրային պաշտպաններ ներգրավելով այ գործում, այն պարագայում, երբ նրանց կարիքը չկա»:
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների` նիստերի դահլիճում գտնվող աջակիցներն ու հարազատները ծափահարություններով եւ «բացարակ», «հեռացիր» բացականչություններով պահանջեցին, որպեսզի Տաթեւիկ Գրիգորյանը ընդունի ինքնաբացարկի միջնորդությունը:
Մեղադրող Պետրոս Պերոսյանն առարկություն ներկայացրեց ներկայացված միջնորդության դեմ: Նա նշեց, որ միջնորդությունում ներկայացված` նախագահող դատավորի կողմից կողմնակալ վերաբերմունք ունենալու հանգամանքն անհիմն է, ներկայացված հանգամանքները իրականության հետ որեւէ աղերս չունեն:
Մեղադրողի կողմից առարկությունները ներկայացնելու ժամանակ դատական նիստերի դահլիճում գտնվողները սկսեցին վանկարկել «ամոթ», «անամոթ», «ստախոս»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը դատարանը դատական նիստերի դահլիճում գտնվողների նկատմամբ դատական սանկցիա կիրառեց եւ հեռացրեց դատական նիստերի դահլիճից:
Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:











