Ֆլորիդայի Մայամի քաղաքում փլուզվել է հետիոտնային կամուրջը մայրուղիներից մեկի վրա։ Նախնական տվյալներով կան զոհեր, սակայն ոստիկանությունը դեռ հստակ թվեր չի հայտնել։ Կամուրջը մինչ վերջերս չէր գործում, օրեր առաջ է շահագործման հանձնվել ։ Կամուրջն ընկել է ուղիղ երթեւեկելի մասի վրա՝ ճխլելով մեքենաները։

Մայամի Դեյդ շրջանի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի միջազգային համալսարանի մերձակայքում։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները։ Նշվում է, որ կան վիրավորներ, մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել։ Քաղաքային իշխանությունների մտահղացմամբ, կամուրջը պետք է ծառայեր երեխաներին դպրոց հասնելու համար։ Ճարտարապետները այնպես էին կառուցել, որ այն դիմանար փոթորկի ուժգնությամբ։ Կամուրջը կշռում էր 950 տոննա եւ ուներ 52 մետր երկարություն։ Շինարարության արժեքը 11,4 մլն դոլար էր։