Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մարտի 26-ին, ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով դեսպան Դել Մոնակոյին դիվանագիտական առաքելության ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին, որոնք նշանավորվել են փոխադարձ բարեկամության դրսեւորումներով եւ բարի ավանդույթներով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Դել Մոնակոն վստահեցրեց, որ կներնդի առավելագույն ջանքերը առավել խորացնելու երկկողմ բարեկամական սերտ փոխգործակցությունը՝ նորանոր ձեռքբերումներ գրանցելու նպատակով:
Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Դել Մոնակոն քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց գիտակրթական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Վինչենցո Դել Մոնակոն արձանագրելով, որ վերջին տարիների ընթացքում հայ-իտալական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման դրական դինամիկա են գրանցել՝ ընդգծեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է առկա ներուժի առավել լիարժեք օգտագործումը։
Կարեւորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:











