ՀՀԿ-ն եւ նրա աջակիցներն ԱԺ-ում ողջ ներուժով փորձում են ձախողել արտահերթ ընտրությունները եւ հակահեղափոխական օրակարգ ձեւավորել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն առաջարկելով ի ցույց են դնում ՀՀԿ-ի եւ նրան աջակցողների վախերը խորհրդարանական սպասվող արտահերթ ընտրությունների հետ կապված:

Լենա Նազարյանը, մասնավորապես, նշեց. «Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ:  Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ, կամ առաջադրված թեկնածուներից ոչ ոք անհրաժեշտ քանակով ձայներ չի հավաքում, ապա քվեարկությունից 7 օր անց կրկին վարչապետի նոր ընտրություններ են անցկացվում, եւ եթե նորից վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով:

Հիմա, եթե վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին, թե ինչ հիմքերով տեղի չի ունեցել, եւ հիմա այսօր նախագիծ է ներկայացվում, որ այսպես կոչված՝ հիմքերի դեպքում վարչապետի չընտրվելու նիստը համարվում է չկայացած:

Ասվում է, որ եթե արտակարգ իրավիճակներ լինեն, կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ այդ նիստն ընդհատված է եւ չհաշվել այն որպես չկայացած նիստ:

Հիմա ինչո՞ւ է սա արվում, որտե՞ղ է ՀՀԿ-ի վախը. Որ եթե հանկարծ վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները որոշեն հավաքվեն ԱԺ-ի մոտ եւ թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ երկու անգամ շարունակ չկայացած լինելու դեպքում ԱԺ-ն կլուծարվի իրավունքի ուժով: Ահա այսպիսի մեխանիզմների մշակմամբ է զբաղված ՀՀԿ-ն ԱԺ-ում: 

Եվ աբսուրդն այն է, որ ամբողջ պառլամենտի ներուժը օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու եւ ու հակահեղափոխական օրակարգ ձեւավորելու վրա, ուրիշ այլ օրակարգ այս հսկայական բյուջետային կառույցը քաղաքացիների հաշվին չի իրականացնում»,-ասաց նա: 

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ արտահերթ ընտրություններ մայիսին չեղան միայն այն նպատակով, որ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը, դրա արդյունքում մի քիչ հանրային աջակցություն ձեռք բերել գոնե. «Փոխարենը՝ կուտակված ամբարտավանությունը, հանդգնությունը եւ մեծամտությունը թույլ չեն տալիս ոմանց խոհեմություն դրսեւորել, որոշ դեպքերում ափսոսանք հայտնել եւ եթե չի ստացվում, ապա գոնե ուժ գտնել լռել եւ չհակադարձել քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը եւ գործունեությունը կարելի է որակել որպես իրենց մանդատներից կառչած խղճուկ փորձ»,-եզրափակեց նա: