Հանրային ճնշումը պետք է իրավաչափ լինի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե չէր վախենում արդյոք հանրային ճնշումից, երբ հեղինակում էր օրինագիծը։
Նա խուսափեց պատասխանել՝ նախաձեռնությունը քննարկե՞լ է խմբակցության հետ, թե՞ միայն իր նախաձեռնություն է, սակայն հավաստիացրեց՝ կողմ է քվեարկելու. «Ես նման եմ մի մարդու, որ իր ասածին դեմ է գնում»։
Հարցին, թե ի՞նչ էին քննարկում «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՀԿ–ն, պատգամավորն ասաց. «Քննարկում էինք, թե ինչպիսի իրավական պետություն ենք ապրում, երբ պատգամավորը կարա հետապնդվի ԱԺ–ում իր արտահայտած կարծիքի համար»։
Նշենք, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:











