ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում, որ այսօր կընտրվի վարչապետ։
Այսօր՝ հոկտեմբերի 24֊ին, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսի ավանդույթ չի եղել, որ վարչապետն այսքան հաճախ լրագրողների հետ շփվի։
«Խնդրում եմ՝ ինձ մի ստիպեք, որ ես ամեն օր պատասխանեմ ձեր հարցերին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք հնարավոր համարում է, որ իրեն այսօր Ազգային ժողովը կընտրի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը կարճ պատասխանեց. «Ոչ»
Հիշեցնենք, որ թեեւ «Ելք»-ը ներկայացրել է Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթ անց եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:
Իսկ եթե խորհրդարանն այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի:











