Եթե մենք պետք է հարկեր թաքցնենք, հետո ասենք՝ բա թոշակները, բա աշխատավարձերը, բա բանակը, բա արտաքին քաղաքականությունը, էդպես չի լինում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ դեպքերում ձեռնարկությունը ՀԴՄ չի խփում, երկու անգամ զգուշացնելուց հետո հարկայինը տուգանում է, մարդը դուրս է գալիս ցույց է անում, ինչ է թե իր ընկերոջ ընկերոջ ընկերը կառավարությունում պաշտոն է զբաղեցնում:

«Սա անընդունելի է, եթե մենք պետք է հարկեր թաքցնենք, հետո ասենք՝ բա թոշակները, բա աշխատավարձերը, բա բանակը, բա արտաքին քաղաքականությունը, էդպես չի լինում: Հեղափոխությունը պետք է իջնի այդ օղակներ:

Բյուջեն մեր ընդհանուր գումարն է, բա ուզում ենք հարկեր չվճարե՞լ: Յուրաքանչյուրն էլ հարկ չվճարելու պատճառ ունի, փողը երբեք շատ չի լինում: Բայց այդպես չի լինի, ում տուգանեն, վեր կենա ցույց անի: Այդ ցույց անելը մթնոլորտ է ստեղծում կոռուպցիայի համար: Տեսնում են ցույց է անում, ասում են՝ էս մարդը ոնց որ չի ուզում հարկ վճարի: Չես ուզում, արի կիսենք, տակը մնացածն էլ կիսվենք»,-հայտարարեց նա: