Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում բացասական եզրակացություն տվեց մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորների (Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, Ջեմմա Բաղդասարյան, Կարինե Աճեմյան եւ Միհրան Հակոբյան) ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի բովանդակությունը հետեւյալն է, որ երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող ցանկացած տեղեկություն տարածելը, ինչպես նաեւ բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզելն արգելվում է:
Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը հետեւյալն է, որ գործող օրենքի 18-րդ հոդվածում արդեն գոյություն ունի երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության եւ գրականության տարածման արգելքը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է. «Երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելը գտնում ենք՝ արդարացված չէ:
Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագծի սահմանումները պետք է «ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը», մինչդեռ նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետեւաբար չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» եւ «ավանդական սեռական հարաբերություն» եւ այլն)»:
Բացի այդ, փոխնախարարը նշեց, որ նախագիծը չի անցել հանրային քննարկում, այդ թվում ՄԻՊ-ի հետ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր բոլորը, այդ թվում երեխաները հանգիստ օգտվում են համացանցին եւ ըստ էության ամեն ինչին հասանելիությունը կա. «Եթե մենք նույնիսկ ամենախիստ ձեւակերպումներով օրենքն ընդունենք, քարոզչություն ասելով նկատի է առնվում այն, որ մեկը երեխայի ականջին ինչ-որ բան է ասում կամ նույն ասելիքը տեղադրվում է ինտերնետում, հետեւաբար հասանելիությունը սահմանափակելու հնարավորություն չկա: Եթե անանուն անձին չենք կարողանումնույնականացնել, ինչպես ենք այդ խնդիրը լուծում»,-ասաց Փաշինյանը:
Արսեն Մանուկյանը համաձայնեց, որ համացանցն անվերահսկելի է, իսկ նման ձեւակերպումները խնդիրները չեն լուծում: Նրա խոսքով, Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում, մասնավորապես, նման թեմաների քարոզչության հետ կապված խնդիր կա. «Ասել, որ դրանք միանշանակ ակտիվ պայքար կարող ենք տանել, թերեւս, այս առումով աշխատանքներ շատ ունենք իրականացնելու, ուղղակի օրենքի նախագծի հետ կապված՝ այս ձեւակերպումները այդ խնդիրը չեն լուծում, ավելի շատ դրանք պրակտիկ կիրառման դաշտում են»:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս պրոբլեմն ամբողջ աշխարհում է. «Լուծումը դեռեւս գտնված չէ ու այսօրվա ընկալումներով շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կգտնվի լուծումը: Այնպես որ, եթե ուզում ենք քարոզչություն չանել, այս հարցերը պետք է քվեարկենք խիստ գաղտնի ռեժիմով ու նախագծի հեղինակներն էլ գաղտնի անեն, օրենքն էլ գաղտնի լինի, քննարկումն էլ, կիրառումն էլ, հակառակ դեպքում, ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:











