Գագիկ Ծառուկյանը չի կարող նույնացվել կաշառքի հետ, նման միտքը քննարկման առարկա դարձնելն անպարկեշտ է։ NEWS.am-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես կարող եմ ենթադրել՝ խոսքը որ պատգամավորի մասին է։ Բայց կա անմեղության կանխավարկած, երբ որ կբացահայտվի, այդ ժամանակ էլ խորհրդարանն իր գնահատականը կտա»,–ասաց նա։

Կասկածի սլաքը նա ուղղեց ՀՀԿ–ի կողմը. «Երկիրը տասնյակ տարիներ թալանել են Հանրապետական կոռուպցիոներները։ Ես մոտավորապես հասկացա, որ խոսքը 10 եւ ավելի միլիոն կաշառքի մասին է։ Ես կառաջարկեմ, որ այն պաշտոնյաների հանդեպ, որոնք չարաշահում են պետական լծակները, մի քանի անգամ խստացվի Քրեական օրենսգիրքը»։

Երկուշաբթի օրվա՝ ԸՕ քվերակությանն անդրադառնալով, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամբողջ կազմով ներկայանալու է։ Իսկ իրենց խմբակցության պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանն ու Վարդան Ղուկասյանը նախորդ նիստին Ընտրական օրենսգրքի օգտին չեն քվեարկել ոչ թե ՀՀԿ–ի դիրքորոշմանը հետեւելով, այլ ուրիշ պատճառներով։

«Նապոլեոն Ազիզյանը շատ բարձր ճնշում ուներ, ես եմ զանգահարել, մարդը անմիջապես նստել է մեքենան, եկել, հասել ԱԺ, ուղղակի չի հասել քվերակության։ Վարդան Ղուկասյանն էլ մամուլում իր ուրույն գնահատականն էր հայտնել ռեյտինգային ընտրակարգը պահպանելու մասին, ճիշտ կլինի իր մոտեցումը ճշտեք անձամբ իրենից»,– ասաց պատգամավորը։

Զոհրաբյանը հույս հայտնեց, որ նաեւ ՀՀԿ այն պատգամավորները, որոնք հասկանում են, թե ինչքան կարեւոր է բարելավված Ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, կգան եւ կքվեարկեն կողմ։