Հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, Արարատի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների, ինչպես եւ Արարատի մարզային քննչական վարչության ներկայացուցիչներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց ու վերլուծվեց Արարատի մարզի օպերատիվ իրավիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարները Վալերի Օսիպյանին ներկայացրին իրենց բաժինների սպասարկման տարածքում տեղի ունեցած, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Ոստիկանության պետն այդ ուղղությամբ կոնկրետ ցուցումներ տվեց՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումն իր ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներից է, ընդ որում՝ նշանակություն չունի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը։ «Բոլոր դեպքերը պետք է անխտիր բացահայտվեն եւ հանցագործություն կատարած անձինք պետք է օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն․ սա բխում է հանրային շահից»- նշեց Վալերի Օսիպյանը։
Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն դարձրեց նաեւ առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ հանձնարարելով տեղերում ակտիվացնել համագործակցությունը նախաքննական մարմինների հետ։ Մարդու կյանքի եւ առողջության, ինչպես եւ սեփականության դեմ ուղղված կոնկրետ դեպքերով ծավալվեց առարկայական քննարկում։ Արտահայտվեցին կարծիքներ, հնչեցին առաջարկություններ, ոստիկանության պետի կողմից տրվեցին կոնկրետ հրահանգներ։
«Անկախ իրավապահ կառույցի գործունեության ուղղվածությունից` մենք պետք է համատեղ ու հետեւողական պայքար մղենք հանցավորության դեմ՝ օրվա ցանկացած ժամի եւ ցանկացած իրավիճակում ջանք չխնայելով օրենքով մեզ վերապահված լիազորությունները կիրառել քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության դեմ հանցավոր ոտնձգություններին օպերատիվ հակազդելու համար»,- ամփոփեց Վալերի Օսիպյանը։











