«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Սեւակ Միքայելյանին չսատարելը եւ Սասուն Միքայելյանի չմասնակցելն ընտրական պրոցեսին ապացուցում է, որ Սեւակ Միքայելյանն ընտրություններին մասնակցել է իր սեփական թիմով, իր սեփական քաղաքական կապիտալով: Նման կարծիք այսօր Հրազդանում NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ նրա՝ այն սպասելիքները, որ ունեն հրազդանցիներն ընտրված քաղաքապետից՝ պիտք է արդարանան:
Պապիկյանի գնահատմամբ՝ Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրությունները մրցակցային են եղել:
Դիտարկմանն, արդյոք Սեւակ Միքայելյանը 25 տարեկանում կկարողանա կառավարել քաղաքն ու լուծել առկա խնդիրները, Պապիկյանը պատասխանեց.
«Նշանակովի պաշտոնի մասին չենք խոսում, եթե հրազդանցին գտել է, որ 25 տարեկան երիտասարդը կարող է լինել քաղաքապետ, ուրեմն մենք պետք է հաշվի նստենք Հրազդանի քաղաքացիների հետ: Հայաստանում 18 տարին լրացած չափահաս մարդն իրավունք ունի մասնակցելու թե՛ ՏԻՄ ընտրություններին, եւ թե՛ բոլոր քաղաքական պրոցեսներին: Պարոն Միքայելյանը դրա իրավունքն ուներ, որը իրացրել է»,-նշեց նա:
Նախարարի խոսքով՝ Հրազդանն առաջին հերթին մթնոլորտի փոփոխման խնդիր ուներ, որն արդեն կատարվել է.
«Հրազդանում օրակարգային հարցերն այնքան շատ են, որ նորընտիր քաղաքապետն իր առջեւ պետք է պայման դնի, որոնք են հեշտ լուծելի, հետո անցնի գլոբալ խնդիրների լուծմանը»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր Հրազդանի քաղաքապետարանում Սուրեն Պապիկյանը ներկայացրեց համայնքի նորընտիր ղեկավար Սեւակ Միքայելյանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը ստացել էր 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։











