Հրազդան քաղաքն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ես իմ թիմի հետ ամեն ինչ անելու եմ, որ քաղաքը տեսքի բերեմ: Այս մասին այսօր՝ Հրազդանում պաշտոնը ստանձնելու առաջին օրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանը:
«Ինձ երբեք աթոռը կամ պաշտոնը չի կարող փոխել, ես իմ ժողովրդի միջի տղա եմ, ես իրենցից մեկն եմ, շնորհակալ եմ ինձ ընտրելու համար, ես երբեք հուսախաբ չեմ անի, կգա ժամանակը որ բոլորը կտեսնեն իմ գործունեությունը»,-ասաց նա:
Խոսելով մրցակից թեկնածուի՝ Լևոն Ստեփանյանի ստացած քվեների և իր հանդեպ վստահության պակասի մասին, Միքայելյանն ասաց.
«Ես ստացել եմ 10681 ձայն: Ես այսքան ժամանակ իմ մրցակցի՝ Լևոն Ստեփանյանի հասցեին ոչինչ չեմ ասել, բայց նա և իր թիմը այսքան ժամանակ միշտ փորձել են ինտերնետային բամբասանքներով զբաղվել, բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձրել, այլ իմ ժողովրդին իմ ծրագիրն եմ ներկայացրել: Լևոն Ստեփանյանն անգամ իր ծննդավայրում՝ Կոճոռ թաղամասում պարտվել է ինձ: Այս տարիներին ընթացքում, եթե ինքը նոմալ բարևեր կոճոռցիներին, հաստատ ինքը այնտեղ կկրեր. կոճոռցիները շատ թասիբով են, ես շնորհակալ եմ նաև կոճոռցիներից»,-ասաց նա
Նշենք, որ այսօր Հրազդանի քաղաքապետարանում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց համայնքի նորընտիր ղեկավար Սեւակ Միքայելյանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը ստացել էր 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։











