Գողացվածը տղայիս հեծանիվն է եղել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Հեծանիվն իր համար կանգնած է եղել ավտոկայանատեղիում, ոչ միայն իմ տղայինը, այլ այդ օրը մի քանի գողություններ են եղել։ Ես այդ մասին իմացել եմ գողությունից 7-8 օր անց։ Ոստիկանությունից զանգահարել են, ասել են, որ բացահայտված են գողացողները եւ խնդրել են, որ հայտարարություն տանք, որ դա մեր հեծանիվն է։ Քանի որ տղաս անչափահաս է, ես գնացել գրել եմ»,–նշեց պատգամավորը։

Նա, սակայն, շեշտեց՝ չի ցանկանում, որ գողություն կատարած դեռահասները իրենց մանկության տարիներն անցկացնեն ուղղիչ հիմնարկներում։

«Չեմ հասկանում ինչու այդ հեծանիվի պատմությունը հետաքրքրեց մեր հանրությանը»,–զարմանում է պատգամավորը։

Նա շեշտեց՝ բոլոր նրանք, որոնք ցանկացել են վարկաբեկել իրեն այս հեծանիվի պատմությունն առաջ բերելով, դա նրանց չի հաջողվել. «Ես էլ խորհուրդ եմ տալիս շատերին իրենց անպտուղ աշխատանքը թողել եւ հեծանից վարել»,–հավելեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին եւ 14-ամյա Էդմոնդ Հ.-ին։ Նրանք մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել: Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ 47-ամյա Գեւորգ Պետրոսյանն է՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։