Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին եւ հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչեց եւս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնեցին, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ: Պարզվեց, որ երիտասարդը դանակահարվել է Տիգրան Մեծի պողոտայում: Դեպքի վայրում հայտնաբերվեցին արնանման հետքեր եւ ծալովի դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Էրեբունու բաժնի գործընկերների հետ կարճ ժամանակում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ սպանված երիտասարդի եւ Սարի թաղում ապրող, 18-ամյա Աշոտ Գ.-ի միջեւ անհիմն վեճ է սկսվել: Անցորդների ներկայությամբ տեղի ունեցած պարզաբանումն էլ ավարտվել է դանակահարությամբ: Աշոտ Գ.-ն դիմել է փախուստի, դանակահարված երիտասարդն էլ՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Օպերատիվ տվյալների հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում կայացրեց Աշոտ Գ.-ին ներգրավել որպես մեղադրյալ: Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին:

Ի դեպ, այս ընթացքում պարզվել է նաեւ, որ Աշոտ Գ.-ն նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին եւս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: