«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կամքն եք կյանքի կոչում։ Ո՞ւմ կամքն եք փորձում կյանքի կոչել․ ժողովրդի՞թե նախկին քաղաքական ղեկավարների եւ ՍԴ նախագահի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանն հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
Տարոն Սիմոնյանն ասաց, որ օրենքի նախագծի հիմնավորման մեջ գրված է՝ «ակնկալվող արդյունքը 2015 թվականի ՍԴ փոփոխություններով ամրագրված՝ ՀՀ ժողովրդի կամքը կյանքի կոչելու նպատակ ունի»։ Եվ նշեց, որ հարց է առաջանում՝ արդյոք 2015 թվականին փոփոխություններում ամրագրվե՞լ էր ժողովրդի կամքը։
«Հնարավոր 2 պատասխան կա․ այո, ամրագրվել է ժողովրդի կամքը, եւ դուք դրանով կփաստեք, որ պարոն Փաշինյանը ժամանակին սխալ հայտարարություն է արել, որ ՍԴ փոփոխությունների հանրաքվեն օրենքի խախտմամբ է տեղի ունեցել եւ այնտեղ չի ամրագրվել ժողովրդի կամքը, եթե պատասխանեք՝ ոչ, չի ամրագրվել ժողովրդի կամքը եւ կիսեք Փաշինյանի կարծիքը, ապա այս ո՞ւմ կամքն եք այս նախագծով կյանքի կոչում։ Բոլոր քաղաքական ընդդիմախոսները, ձեր ղեկավարը նշել են, որ այս փոփոխություններում ամրագրվել է ամրագրվել է Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կամքը։ Դուք այս նախագծով փաստորեն Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կամքն եք կյանքի կոչում։ Ո՞ւմ կամքն եք փորձում կյանքի կոչել․ ժողովրդի՞թե նախկին քաղաքական ղեկավարների եւ ՍԴ նախագահի»,-հարցրեց ԼՀԿ պագտամավորը։
Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ 2015 թվականի ՍԴ փոփոխությունները «դե ֆակտո» չեն արտահայտում ժողովրդի կամքը․ «Շարունակում ենք կրկնել, որ դրանք կատարված են եղել մեկ քաղաքական ուժի, մի քանի անձանց անձնական շահերը սպասարկելու համար։ Մեր նպատակն այստեղ այն չէ, որ ասում ենք՝ այդ Սահմանադրությունն ամբողջությամբ լեգիտիմ է, հետեւաբար եկեք կյանքի կոչենք այդ կամքը։ Մենք ասում ենք՝ ճիշտ մոդել է ընտրվել ՍԴ-ի կազմավորման համար, բայց սխալ է տեղի ունեցել այն ժամանակ, երբ փոխադրման ընթացքում, այսինքն՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը հաշվի առնելով՝ ՍԴ-ի արդեն իսկ գործող դատավորների կամ ստուգման ընթացակարգ կամ պատշաճ վերանշանակման ընթացակարգ, որը կապահովեր ՍԴ-ի նոր մոդելի կյանքի կոչումը չի ապահովել»։
Սիմոնյանը երկրորդ հարցն ուղղեց Բադասյանին՝ եթե անձնավորված չէ, ապա ինչո՞ւ նախագծով չեն սկսում փոփոխություններն ամբողջ դատական համակարգից, քանի որ այդ անվստահությունն, ըստ պատգամավորի, ամբողջ դատական համակարգի նկատմամբ է։
Բադասյանն էլ արձագանքեց, որ ճգնաժամը գլոբալ արդարադատության համակարգում լուծելու մի շարք գործիքակազմեր ունի եւ այս գործիքակազմը հնարավոր է կիրառել փոքր թվով անձանց նկատմամբ․ «Վենետիկի հանձնաժողովն էլ կարեւորում է վաղ կենսաթոշակի սխեման կիրառելի լինի հնարավորինս նեղ շրջանակի նկատմամբ»։
Տարոն Սիմոնյանն էլ հարցրեց, թե ՍԴ դատավորների նկատմամբ անվստահության հաղթահարման եղանակը ՝ թոշակի ուղարկելու մեխանիզմ ներդնելն է, ապա ո՞ւմ հաշվին են «լավություն անում» ՍԴ դատավորներին․ «Դուք արդյոք այս կամքը բացահայտե՞լ եք․ ժողովուրդը ուզո՞ւմ է իր հաշվին լավություն անել գործող դատավորներին։ Ինչպե՞ ս եք բացահայտել ժողովրդի կամքը։ Եթե բացահայտել եք անցած տարվա ընտրությունների արդյունքում, ապա դա բավարար չէ։ Ժողովրդի հաշվին դատավորներին թոշակի ուղարկելն անկեղծ չէ։ Ձեր համոզումը եւ պատկերացումները շատ փոքր են ժողովրդի կամքի առջեւ, եթե վկայակոչում եք ժողովրդի կամքը, գնացեք ստացեք ժողովրդի կամքը ՍԴ փոփոխությունների հանրաքվեների միջոցով»։
Բադասյանն էլ չկիսեց «լավություն անելու» տերմինը, եւ նշեց, թե որեւէ մեկը որեւէ մեկին լավություն չի անի, դա պատվով հեռանալու ընթացակարգ է․ «Իմաստն այն է, որ պետությունը լրացուցիչ ռեսուրս ու ժամանակ չի ծախսում, որ հասնի նրան, որ ճգնաժամը հաղթահարվի եւ առաջարկում է հեշտ տարբերակ»։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:











