75 հազար դոլար եւ հսկա բնակարան՝ շինթույլտվության դիմաց. ԱԱԾ բացահայտումների թիրախում նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է։ Ամոթ է, երբ վախկոտը հարցաքննում է լեգենդար հրամանատարներին։ Ռուբեն Հայրապետյան-Անդրանիկ Քոչարյան հեռակա «փոխհրաձգությունը» շարունակվում է։ «Լուսավոր Հայաստանի» օրակարգում «Լույսի» ղեկավարի ճակատագիրն է. Էդմոն Մարուքյանը քննարկման է դրել Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը։ Խաժակյանը չի կարող չշարունակել բացահայտումները. նա դեռ չգիտի՝ մանդատը վայր կդնի՞, թե չէ։ «Կորելու է մեր շատ թանկագին գործընկերը, նրա հեռանալը կարող է ցավալի լինել». «Լույսի» մյուս անդամները՝ Խաժակյանի մասին։ Մանվել Գրիգորյանի պաշտպանները գրեթե 1,5 միլիարդ դրամի գույք են առաջարկել որպես գրավ գեներալի ազատության դիմաց։ Դատարանը որոշում կկայացնի 7 օրից։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Տաք հոսանքներն արդեն Հայաստանում են։

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառքի դեպք. մեղադրանքի թիրախում, ըստ ամենայնի, կհայտնվի Գագիկ Բեգլարյանը: Ըստ հաղորդագրության՝ «2009-ին Երեւան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում շենք կառուցապատողից՝ կասեցված շինարարության վերսկսման խոչընդոտները վերացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ ստացել է 75 հազար դոլար կաշառք, նաեւ պահանջել կառուցվող շենքում քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 քառակուսի մետր մակերեսով բնակարան: 2009-ի մարտից Երեւանի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր, որն այդ պաշտոնում փոխարինել է Երվանդ Զախարյանին:

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին թվացել է, թե իրեն միջնորդավորված կոչ անելով հեռանալ երկրից՝ չձերբակալվելու համար, Անդրանիկ Քոչարյանը ցանկացել է լավություն անել իր կյանքը փրկած մարդուն։ «Իմ քայլից» պատգամավորը, ի պատասխան այս հայտարության, ասել էր, որ ինքը «չի պատրաստվում ամեն շան հաչոցի պատասխանել»: Ռուբեն Հայրապետյանը նորից շեշտել է, որ չի պատրաստվում հեռանալ երկրից ու ամփոփել. «Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցը. ֆեյսբուքյան էջում այս գրառումից հետո կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակից Մանե Թանդիլյանի հետ, հանդիպեց լրագրողների հետ։

Էդմոն Մարուքյանն ասել է, թե Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ են, եւ նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ավագանին աշխատի: «Բայց կան իրավիճակներ, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, իսկ նա դրա համար պատասխանատվություն է կրում, ինչը տարածվում է նաեւ «Լուսավոր Հայաստանի» վրա», ասել է Մարուքյանը, թերեւս նկատի ունենալով հանգամանքը, որ «Լույս» խմբակցության մյուս 2 անդամները ԼՀԿ-ից չեն։ Մարուքյանը դժգոհել է նաեւ Խաժակյանի գործունեության լուսաբանումից։

Էդմոն Մարուքյանն ասել է նաեւ, որ երբ քաղաքապետ Հայկ Մարությանը սադրանքի է դիմում, ձեռ է առնում ավագանու անդամներին նրանց ելույթների ժամանակ, եւ մարդիկ էմոցիոնալ իրավիճակում չեն կարողանում զսպել եւ տրվում են սադրանքին, բնականաբար, սկսողը քաղաքապետն է, բայց սադրանքին տրվողն էլ իրեն պետք է հաշիվ տա:

Ես շարունակելու եմ ներկայացնել փաստեր, բացահայտել թե կոռուպցիոն բնույթի գործարքները, թե քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունները, որոնք կատարվում են քաղաքապետարանում, այդ թվում՝ քաղաքապետի կողմից, NEWS.am-ին ասել է Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով իրեն ավագանուց հետ կանչելու հարցին: Ես չեմ կարող չշարունակել իմ գործունեությունը եւ քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ իմ բացահայտումները»: Ավագանու անդամի մանդատը վայր դնելու որոշում դեռ չկա, ասել է Խաժակյանը։

Ծաղրի ենթարկվելու եւ իրենց ելույթների ժամանակ ծիծաղելու թեմային անդրադարձել են նաեւ «Լույս» խմբակցությունում «Հանրապետություն» կուսակցության անդամները։ «Եթե ընդդիմությունը որեւէ խնդիր է բարձրաձայնում, պետք չի հեգնել, ծաղրել ու ծիծաղել»,- ասել է Թեհմինա Վարդանյանը: Դավիթ Խաժակյանի՝ մանդատը վայր դնելու հեռանկարի առնչությամբ Վարդանյանն ասել է. «Կորելու է մեր շատ թանկագին գործընկերը եւ նրա հեռանալը մեզ համար կարող է ցավալի լինել»:

«Լույս» խմբակցության երրորդ անդամ Անի Խաչատրյանն ասել է, որ երեկ ավագանու նիստից հետո իրարից բաժանվել են գոհ մնացած իրենց ելույթներից եւ վարքագծից: Թե հետո ինչ է փոխվել, չի կարող ասել:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը կես ժամով հետաձգվել է, քանի որ հիվանդանոցից Գրիգորյանի տեղափոխման պահին նրա ինքնազգացողությունը վատացել է եւ չի հասել դատարան։ Նիստի վերսկսվելուց հետո, Գրիգորյանի պաշտպանները մոտ 1 միլիարդ 337 միլիոն դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդություն են ներկայացրել։ Միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 24-ին։

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բուժկենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Քոչարյանն ավարտել է բուժումը։ Նրա գործով Վերաքննիչ դատական նիստը կկայանա վաղը։

Հարկային համալիր ստուգումները պայմանավորված են որոշակի հանգամանքներով. մասնավորապես, դրա համար նախատեսված են ստուգումների նախնական պլան եւ քրգործերով իրականացվող ստուգումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե միայն իր ընկերություններում է ՊԵԿ-ը այդպիսի հաճախականությամբ ստուգումներ իրականացնում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան աճել է եւ կազմել 477.44 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.63 դրամով ու կազմել 532.25 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.87 դրամով ու կազմել 629.74 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել ու կազմել է 7.62 դրամ։

Հայաստանում դեկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0-ից -2, վաղը ցերեկը՝ +11+13։