Արտակարգ դրություն հայտարարելու այս որոշմամբ մենք կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի կարգավիճակը փոխում ենք եւ դառնում ենք պարետատուն՝ փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվեց, որ սրանով, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին արգելում ենք երկրի տարածքը լքել ցամաքային ուղղություններով, իսկ օդային տարածքով ՀՀ տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադառնալուն պես կանցնեն կարանտինային ստուգման:

Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ պայմանավորվել են ուղեւորափոխադրումները 2 շաբաթով դադարեցնել, թույլ կտրվի միայն սեփական քաղաքացիների մուտքը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այլ տեսակետ ուներ, նա կողմ էր արգելել նաեւ օդային ուղղություններով տեղաշարժը: Նա նշեց, որ իրենք առաջարկում են ՀՀ տարածք մուտք գործելու հնարավորություն տալ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամներին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, նաեւ բեռնափոխադրում իրականացնողներին: Նույնկերպ առաջարկվում է, որ ՀՀ տարածքը կարող են լքել օտարերկրյա քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, որոնք ՀՀ քաղաքացի են եւ դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար, նաեւ բեռնափոխադրում իրականացնողներին: ԱԳ նախարարը մտավախություն հայտնեց, որ եթե օդային տարածքը բաց մնա, դա իրավիճակը կառավարելու ռիսկեր կարող է առաջացնել:

«Սա ավելի է պարզեցնում ու բացատրելի դարձնում, թե ով կարող է գնալ, ով կարող է գալ։ Չստեղծենք իրավիճակ, երբ անընդհատ փոխելու ենք երկրների ցանկը, ստեղծելու ենք խառնաշփոթ թե նախարարության, թե սահմանապահների համար, կառավարելը դառնալու է շատ դժվար»,- ասաց Մնացականյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց առաջարկին՝ պարզաբանելով, որ արդեն իսկ առաջարկվող տարբերակը գործում է Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններում:

Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս կողմ էին, որ ճկուն մեխանիզմը նախընտրելի է տոտալ արգելումից: Մհեր Գրիգորյանն ասաց, որ տոտալ արգելքի դեպքում մենք աշխարհից կտրվում ենք: «Խնդիրն այն է, որ ավիաընկերությունները կդադարեցնեն թռիչքները եւ ՀՀ քաղաքացիները, որ ուզում են վերադառնալ Հայաստան, չեն կարողանա վերադառնալ, որովհետեւ օդանավերը չեն թռչի Հայաստան»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ամբողջությամբ փակվելը մեզ վնասելու է. Ամբողջապես կտրվել, այդ թվում բժշկական բեռներ ստանալու հնարավորությունից, մենք չենք կարող: Իսկ դա բերելու է դրան, որովհետեւ ոչ մի դատարկ օդանավ Հայաստան չի գալու: «Լավ համաձայնեցինք այս առաջարկին, վաղը Չինաստանից մեր պատվիրած թեստերը ո՞նց ենք բերելու, մեքենայով էլ չենք կարա։ Ես կողմ եմ, բայց կդիմանա՞նք դրան»: