ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն աջակցում է արտակարգ դրություն մտցնելու Կառավարության որոշումը: Այս մասին այսօր` մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կարծում ենք, որ այն արագ պետք է գործի, որովհետեւ երբ մենք ունենք իրավիճակ` մեր քաղաքացիներին հորդորում ենք հարսանիք կամ չգիտեմ ինչ չանել, տեսնում ենք, որ դա հորդորով չի ստացվում, հետեւաբար պետք է գործի հատուկ իրավական ռեժիմ, որ մարդիկ նաեւ դրա շրջանակներում իրենց վարքը կարգավորեն եւ կազմակերպեն, որը ավելի շատ կկանխի վարակի տարածումը եւ պետությանը հնարավորություն կտա իր գործողություններն ավելի օպերատիվ իրականացնեն, տվյալ պարագայում, օրինակ, պարետին եւ պարետային այդ շտաբում»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել ժամը 18։30–ից։

Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք: