Մի քանի խափանման միջոց միաժամանակ կիրառելն էլ, խափանման միջոցի իմաստն է վերաիմաստավորում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նա 3 հարց ուղղեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին.

«134-րդ հոդվածի 4-րդ մասին է վերաբերում։ Այստեղ թույլ եք տալիս միաժամանակ 2 խափանման միջոցի առկայությունը, առկա կարգավորմամբ կարծես՝ նման խնդիր չունենք, այսինքն՝ մենք ընտրում ենք խափանման միջոցներից որն է կիրառվում եւ վերջ։ Դուք ավելացնում եք, որ հնարավոր է 3 դեպք, որի պարագայում հնարավոր է 2 խափանման միջոցի առկայություն։ Արդյոք չե՞ք գտնում, որ սա անհարկ  խստացում է, որովհետեւ եթե մի խափանման միջոցը չի կիրառվում, ապա էն մյուսը կիրառեք, ինչո՞ւ երկուսը միասին կիրառում։ 

137-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ. ավելացրել եք 2 պարբերություն 4-րդ մասում։ Ըստ էության դուք թույլ եք տալիս վարույթն իրականացնող մարմնին ինքը ընտրի գրավը որպես խափանման միջոցը։ Այդ պարագայում մենք արդյոք խնդիր չե՞նք ունենա, որովհետեւ գրավը որպես խափանման  միջոց բավականին ծանր խափանման միջոց է։ Մեր կարծիքով՝ ճիշտ կլինի, որ դա դատարանը որոշի, ոչ թե դատախազ կամ քննիչը։ 2-րդ պարբերության մեջ գրվածը մենք մեր նախագծում նշել էինք, որը դուք համարեցիք հակասահմանադրական է։ Ուզում եմ հասկանալ՝ փոխվե՞լ է ձեր դիրքորոշումը։

138-րդ հոդվածի 5-րդ մասն էլ հանում եք, որտեղ նշված է, որ միջդատավարական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին։ Սա դուք հանում եք, այսինքն՝ կարող է անսահմանորեն տարածվել»։

Բադասյանը սկսեց վերջին հարցից. «138-րդ հոդվածի 5-րդ մասն ուղղակի կրկնողություն է օրենքում, որ հոդվածները նայեք, այնտեղ նույն միտքը 2 տեղ արտահայտված է, այդ կրկնողությունը բացառելու համար է դա արվում։ Ամբողջ նախագծի նպատակն է, խուսափել կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը ունենա հնարավորություն այնպիսի գործիքներ կիրառելու, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա կալանքը որպես խափանման միջոց ընտրելը։

Այն, թե գրավը որոշի դատարանը թե ոչ. եթե մենք փոխում ենք իր իմաստը, այսինքն՝ այլեւս այլընտրանքային չի, ապա էլ ինչո՞ւ պիտի ոչ այլընտրանքային խափանման միջոցը որոշի դատարանը։ Երաշխիքը սահմանում ենք, եթե հանկարծ անձը չկատարի պահանջները, գործը գա դատարան, արդեն դատարանը որոշի գրավի չափը։

Մենք կարող ենք ձայնագրությունները հանել ու տեսնել ձեր երկրորդ մասը որն էր։ Մենք ասել ենք, որ ձեր նախագիծն ամբողջությամբ  ՍԴ-ի որոշմանն է հակասում»։

Սիմոնյանը վերջում շեշտեց, որ մի քանի խափանման միջոց միաժամանակ կիրառելն էլ, խափանման միջոցի իմաստն է վերաիմաստավորում։