Եթե մարդ ուզում է դատավոր դառնալ, պետք է 3 հատ օրենք կարդա։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանկ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ պետք  է փոփոխություններն այնպես արվեն, որ մեկ ակտով հնարավոր լինի այն իրականացնել։

Նրա խոսքով՝ բակալավրի եւ մագիստրատուրայի կրթություն ունեցողը, եթե չունի աշխատանքային փորձ, ճիշտ չէ նրան թույլ տալ դատավոր աշխատել. «Ավելի լավ չէ՞ մեկ ակտով նախատեսենք ով կարող է դատավոր լինել, որ մարդը, որ ուզում է դատավոր դառնալ, բացի մեկ օրենք եւ իմանա, թե ինքն ինչ պետք  անի, որ դատավոր դառնա»։

Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն արձագանքեց Պետրոսյանին. «Պետք  է ունենա բակալավրի եւ մագիստրատուրայի կրթություն, որ կարողանա դատավոր դառնալ, ինչն այսօր գործող օրենքում է, եթե ունի միայն բակալավր, չունի մագիստրատուրա, ապա պարտավոր է ունենալ 15 տարվա աշխատանքային փորձ»։