Հասկանում եմ, որ իրավական ավանդույթներում այս լեզուներով ավելի շատ գրականություն կա, բայց սրանով սահմանափակում ենք այն մարդկանց հնարավորությունը, որոնք այլ լեզուների են տիրապետում, եւ այդ լեզվով էլ կարող են իրավաբանական գիտելիքներն ուսումնասիրել։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխությունների իրականացնելու նախագծին։
«Արդյոք ճի՞շտ է նշել կոնկրոտ լեզուները։ Գուցե նշվեր միայն 2 օտար լեզու եւ դրանով վերջացնեինք։ Եթե 4 օտար լեզու ենք գրում ու կոնկրետ ֆիքսում ենք՝ որ լեզուները, ինչ-որ առումով այս լեզուներին օրենքի մակարդակի ուժ ենք տալիս։ Հասկանում եմ, որ իրավական ավանդույթներում այս լեզուներով ավելի շատ գրականություն կա, բայց սրանով սահմանափակում ենք այն մարդկանց հնարավորությունը, որոնք այլ լեզուների են տիրապետում, եւ այդ լեզվով էլ կարող են իրավաբանական գիտելիքներն ուսումնասիրել»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։
Դատական օրենսգրքում փոփոխությունների իրականացնելու նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն էլ շեշտեց, որ նշված լեզուները էական նշանակություն ունեն իրաբանության մեջ. «Փաստորեն, պարոն Սիմոնյան, դուք էլ չեք լսել իմ խոսքը։ Ես ասացի, որ լեզուների վերաբերյալ մեր կողմից ներկայացված փոփոխությունները չենք պնդում, որովհետեւ Արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքով ներկայացվել է փոփոխություններ։ Նախարարությունը լեզուների վերաբերյալ շատ լավ լուծում է առաջարկում եւ տալիս է 3 լեզվի տարբերակ. ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն։ Այնտեղ ասվում է, որ այդ 3 լեզուներից մեկը պիտի ունենաս, եթե այդ մի լեզուն ռուսերենն է, ապա քննություն պիտի հանձնես այդ լեզուներից մեկը։ Քանի որ ԵԱՏՄ-ի մեջ ենք, մեզ ռուսերենն է պետք գալու, ֆրանսերենը Եվրոդատարանի հետ կապված լեզուն է, անգլերենն էլ միջազգային լեզու է»։











